ՌԱԴԻՈ

Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Լիբանանի վարչապետի ԺՊ Մուստաֆա Ադիբի հրաժարականի հանգամանքներին և այն հարցին, թե ինչպես է դրան վերաբերվում հայկական համայնքը։
Sputnik
Ի՞նչ է առաջարկել հայկական խմբակցությունը. Գանդահարյանը` Ադիբի հրաժարականի մասին

Լիբանանի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Մուստաֆա Ադիբն այսօր հրաժարական է ներկայացրել։ Իր որոշման պատճառը ներկայացրել է տեսաուղերձի ժամանակ։ «Քաղաքական բլոկները չեն կատարել պայմանս` չեն հրաժարվել կառավարության ձևավորման գործընթացի քաղաքականացումից»,– ասել է Ադիբը։

Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` Աբիդի, ինչպես նաև տվյալ նախաձեռնությունը հովանավորող պաշտոնական Փարիզի կողմից կար սկզբունքային մոտեցում, որպեսզի լինի սեղմ կառավարություն, որը չի ձևավորվելու ավանդական, դասական ձևով, պետք է բաղկացած լինի տեխնոկրատ մասնագետներից։ Ըստ նրա`վարչապետը պետք է լիազորված լիներ նախարարական թեկնածուների անունները ճշտել համապատասխան պաշտոնների համար, բայց հատկապես շիա համայնքը ներկայացնող հիմնական քաղաքական ուժերը թեև մասնակիորեն համաձայն էին գործընթացին, այդուհանդերձ վերջում ունեցան տարաձայնություններ։

Բեյրութի պայթյունից հետո 1100 լիբանանահայ տեղափոխվել է Հայաստան մշտական բնակության

«Այդ ուժերը, անշուշտ, որոշակի պատկերացում ունեին իրենց տրվելիք նախարարությունների մասին և պետք է առաջադրեին անուններ։ Վարչապետը, նախագահը, ինչպես նաև շիա համայնքը ներկայացնող պատգամավորական խմբակցությունների ներկայացուցիչները վարում էին բանակցություններ։ Սպասվում էր նաև, որ կա՛մ կհետաձգվեր կառավարության նշանակումը, կա՛մ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական կտա։ Փաստորեն ընտրվեց երկրորդ տարբերակը, և Մուստաֆա Ադիբը հայտարարեց, որ իր առաքելությունն ու առաջադրանքը չեն կատարվել, կողմերը համաձայնության չեն եկել։ Առանց այդ էլ կառավարությունը պետք է ձևավորվեր Ադիբի պաշտոնավարման մեկնարկից հետո 15 օրում, սակայն գործընթացը հավելյալ ձգձգվեց ևս 10 օր և հասավ նման հանգուցալուծման»,– նշեց «Ազդակի» գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի խոսքով` հայ համայնքի քաղաքական գործոնը հետաքրքիր է այն առումով, որ նաև դաշնակցությունը չէր ցանկանում խանգարել գործընթացին, որպեսզի տնտեսական ճգնաժամի պայմաններում հնարավորիս շուտ ձևավորվեր նոր կառավարություն։ Կար այն ակնկալությունը, որ գործընթացը կլինի հեզասահ, թեկնածուների անունները կհամաձայնեցվեին գլխավոր համայնքների հետ, քանի որ միանգամից անցումը համայնքայինից լրիվ քաղաքացիական պետության հնարավոր չէ, որովհետև համայնքների կշիռը հասարակական, ներքաղաքական կյանքում բավականին մեծ է, և այդ համակարգը Լիբանանում գործում է տասնամյակներ։

«Անցումը պետք է լինի աստիճանաբար, հանգրվանային, երկխոսությամբ, համաձայնությամբ։ Ի վերջո սա միայն վարչակարգի փոփոխություն չէ, այլ նախանշվում են նոր հարաբերություններ»,– ասաց «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը։

Գանդահարյանի փոխանցմամբ` հայկական համայնքն ընդհանրապես ուզում էր, որ գործընթացն ավարտվեր հնարավորինս շուտ, նույնիսկ հայկական երեսփոխանական խմբակցությունը առաջարկում էր կազմել փրկության կառավարություն, որի հիմնական գործառույթը պետք է լիներ տնտեսական բարեկարգումների ապահովումը, տնտեսական ճգնաժամի հարուցած խնդիրների լուծումը։

Հիշեցնենք` Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը հրաժարական էր տվել Բեյրութի նավահանգստի պայթյունին հաջորդած բողոքի ցույցերից հետո: