Սոցիալական ցանցերի ամենաակտիվ դրսևորումներից մեկը մարտահրավերներն են` չելենջները, որոնք վիրտուալ տիրույթում մեծաթիվ մարդկանց համախմբում են նույն գաղափարի շուրջ։ Համավարակի ընթացքում թրենդի մեջ էին պարային մարտահրավերները։ Դրանք ոչ միայն բարձրացնում են տրամադրությունը, այլև օգնում են մնալ տոնուսի մեջ։
Հայտնի փոփ երգիչ Արամ MP3-ի նոր տեսահոլովակը ձայնագրվել է ռեփեր 3.33-ի հետ համատեղ։ Երգում հաջողությամբ համատեղվել են հայկական դուդուկի հնչողությունն ու ժամանակակից ռեփի բիթերը։ Ֆելիքս Խաչատրյանը (ռեփեր 3.33. - խմբ.) ռեփ է կարդում. «Քոչարի, պարելու կոչ արի...», իսկ Արամ MP3-ին շարունակում է. «Հոգիս երգում է լեռների երգը, էս պարը զենք է, տուր ինձ քո ձեռքը, հաղթողը մենք ենք, դե պարի քոչարի...»։ Ախթալայի եկեղեցական համալիրի մոտ նկարահանված, ազգային պարով ու տարրերով լեցուն տեսահոլովակը գրավել է շատերի ուշադրությունը, իսկ երգից ու տսահոլովակից ոգևորված երգչուհի Սոնա Եսայանը հայտարարել է մարտահրավեր` չելենջ։
Մարտահրավերին առաջինը հենց մասնակցել է Սոնա Եսայանը` ՄՀՀ–ի մոտ երգի տակ քոչարի պարելով։ Քոչարու չելենջին միացել են մեր հայրենակիցները աշխարհի տարբեր անկյուններից։ Օրինակ` ամենավառ տեսանյութերից մեկն ուղարկվել է Վորոնեժից Դանիելի և Անի Հայրապետյանը:
Ինչպես իր տեսանյութում ասում է Արամ MP3-ին, մարտահրավերի շրջանակներում բոլոր ցանկացողները կարող են քոչարի պարել, տեսանյութը տեղադրել սոցցանցում, նշել Արամ MP3-ին և Սոնա Եսայանին։ Լավագույն 5 տեսահոլովակների հեղինակները կհրավիրվեն Արամ MP3-ի համերգին։