Արցախ չգնալ, խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց. կոչ ԱՄՆ քաղաքացիներին

ԱՄՆ քաղաքացիներին Հայաստանում և Ադրբեջանում գործող դեսպանությունները հորդորում են ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում և Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանությունները կոչ են անում ԱՄՆ քաղաքացիներին խուսափել հայ-ադրբեջանական սահման այցելելուց։

Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

Երևանում ԱՄՆ դեսպանության կայքում հրապարակված զգուշացման մեջ կոչ է արվում զգոն լինել և ցուցաբերել զգուշություն` կապված հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճի և վերջերս տեղի ունեցած բռնությունների հետ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել շփման գիծ և սահմանի մոտակայք այցելություններից, ինչպես նաև Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներով մինչև Վրաստանի սահման ճանապարհորդելուց։

Դեսպանությունը կոչ է անում նաև չայցելել Լեռնային Ղարաբաղ։

Երևանում ԱՄՆ դեսպանությունն իր երկրի քաղաքացիներին հետևյալ ցուցումներն է տալիս`

  • Հետևեք տեղական լրատվամիջոցների թարմացումներին 
  • Խուսափեք մարդկանց բազմությունից 
  • Խուսափեք ցույցերից 
  • Տեղեկացրեք ձեր անվտանգության մասին ընկերներին և ընտանիքին 
  • Տեղեկացված եղեք ձեր շրջակայքի մասին:

Իսկ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է խուսափել Թովուզի և Ղազախի շրջաններ այցելելուց:

Հայաստանը սահմանին զորքեր չի կուտակում. ՊՆ–ն պատասխանում է ադրբեջանական ապատեղեկատվությանը