Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը հայտնեց, որ առաջիկայում կկազմակերպվեն նոր ընտրություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն` Երվանդ Խունդկարյանը, չի ընտրվել ՍԴ նախագահ։ Լրագրողների հետ զրույցում լուրը հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

«Խունդկարյանը չի ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։ ՍԴ նախագահ ընտրվելու համար անհրաժեշտ էր 9-ից 5 ձայն ստանալ, սակայն նա անհրաժեշտ թվով «կողմ» ձայներ չի ստացել»,–ասաց Շաթիրյանը` չնշելով քվեարկության հստակ թվերը։

Նա հայտնեց, որ Խունդկարյանին ուղղված են եղել բազմաթիվ հարցեր, այդ թվում նրա` Վճռաբեկ դատարանի նախագահ լինելուն առնչվող։

Նորանշանակ դատավորի կարծիքով՝ ՍԴ–ի հանդեպ հանրային վստահության առումով խնդիրներ կան

Շաթիրյանի խոսքով` Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն` կկազմակերպվեն նոր ընտրություններ, կլինի նոր առաջադրում կամ առաջադրումներ։

Ինչ վերաբերում է ՍԴ նախագահի տեղակալի ընտրությանը, ապա դրան անդրադարձ չի կատարվել. աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված` ՍԴ նիստը հետաձգվել է։ Հերթական նիստը տեղի կունենա երկուշաբթի` ժամը 11-ին։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը մեկնարկել է դեռ սեպտեմբերի 23-ին։ Այդ պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում։ Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել էր, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։ Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել, արդյունքում մնացել էր միայն մեկ թեկնածու։

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: