Ուզում եմ հայրենիքիս հետ ծանոթանալ. Լեդի Գագայի հայ դիզայները ներկայացրել է աշխատանքները

Կարինե Հակոբյանը պատմել է իր արվեստի վրա երեք բացարձակ տարբեր մշակույթների ազդեցության մասին և ներկայացրել «911» տեսահոլովակի կերպարների ստեղծման գործընթացը։
Sputnik

-Կարինե, եկեք խոսենք հայտնի երգչուհու համար ստեղծած ձեր 2 զգեստների մասին` «Ծաղկավոր այլմոլորակայինի» և կարմիր կարճ շապիկով համադրված լատեքսից կիսաշրջազգեստի։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչել։

–Ես աշխարհաքաղաքացի եմ, ծնվել ու մեծացել եմ Ռուսաստանում, 15 տարեկանում տեղափոխվել Լոնդոն, բայց միևնույն ժամանակ միշտ սիրել ու գնահատել եմ հայկական արմատներս։ Հետևաբար, ռուսական և հայական գեղարվեստական ժառանգությունը, ինչպես նաև առանձնակի յուրօրինակ բրիտանական ոգին ազդեցին իմ ստեղծած հագուստների վրա։

Լեդի Գագայի փարաջանովյան ոճով տեսահոլովակի դիզայները հայուհի է

Անկասկած, ես միշտ էլ ուրախությամբ եմ իմ աշխատանքներում մեր ազգային տարազի տարրերն օգտագործում. հայկական ժողովրդական կերպարներում բազմաթիվ հետաքրքիր մանրուքներ կան, որոնք հաճույքով եմ կիրառում իմ արտնախագծերում։

«Ծաղկավոր այլմոլորակայինը» իմ գործերի վրա նաև ռուսական արվեստի ազդեցության վառ օրինակ է. ոգեշնչման հիմնական աղբյուր են հանդիսացել խոխլոմայի նախշազարդերը։ Հայկական և ռուսական դեկորատիվ դետալներից բացի, փորձել եմ զգեստին նաև ճապոնական ավանդույթի տարրեր հաղորդել։ Չէ՞ որ իմ ստեղծագործական ուղու ամենասկզբում գաղափարներիս գլխավոր ոգեշնչողը  Տոշիո Սաեկին էր` նկարիչ ծագող արևի երկրից։ Բացի այդ, առանձնակի ազդեցություն է ինձ վրա գործել նաև Սերգեյ Փարաջանովի տեսողական արվեստը։

-Հարցազրույցներից մեկում ասել եք, որ ուսումնասիրել եք նրա արվեստը։ Ի՞նչ ընդհանրություն կա ձեր և Փարաջանովի միջև, որևէ հատուկ կապ զգում եք այդ վարպետի հետ։

Հայերեն գրություն, նուռ. Լեդի Գագան փարաջանովյան ոգով նոր տեսահոլովակ է թողարկել

- Ըստ իս` երկուսիս էլ բնորոշ է տառապանքը։ Իհարկե, իմ հոգեկան ապրումներն անհամեմատելի են փարաջանովյան ապրումների հետ, սակայն իսկապես ցավալի է ասել, որ ես ինձ որպես նկարիչ այդքան էլ հարմարավետ չէի զգում մի երկրում, որտեղ ծնվել եմ։ Ցավոք, Ռուսաստանում ստիպված եղա անհիմն քննադատության և ծաղրանքի ենթարկվել արվեստի համար, որը լայն հանրությունը չի հասկանում։ Սա ինձ համար ծանր թեմա է`հաշվի առնելով, որ ես ծնվել եմ մի ընտանիքում, որտեղ հարգում են ռուսական արժեքները։

-Փարաջանովի աշխատանքներից որո՞նք են առավել սիրված ձեր կողմից։

-Միանշանակ «Նռան գույնը» և «Մոռացված նախնիների ստվերները»։

-Ի՞նչ եք կարծում, Գագային հաջողվել է վերստեղծել «Նռան գույնը» ֆիլմի հայտնի տեսարանները։ Կարծես թե դա էր ձեր նպատակը։

-Համոզված եմ, որ դրա վերաբերյալ տարբեր կարծիքներ կան։ Ոմանք կասեն, որ Լեդի Գագան Փարաջանովի աշխատանքներն օգտագործել է իր շահերից ելնելով, մյուսները կպնդեն, որ նա ժամանակակից ձևով աշխարհին պատմում է հայկական  մշակույթի մասին։ Անձամբ ես երկրորդ տեսակետին եմ հակված։ Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ հոլովակը նկարահանել է Տարսեմ Սինգհը, նկարիչ, որը սեփական ճանաչելի ոճն ունի, «911»–ը պարզապես երաժշտական տեսահոլովակ չէ։  Այն միանշանակ կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ է։

-Խոսելով Լեդի Գագայի մասին. նա որևէ կերպ արձագանքե՞լ է ձեր աշխատանքներին։

-Նա այնքանէ հավանել, որ մի քանի լուսանկար հրապարակել էր Instagram–ի իր էջում։  Երգչուհին նույնիսկ առանձին հրապարակել է «Ծաղկավոր այլմոլորակայինին»։ Սովորաբար նա չի հրապարակում իր կերպարները։ Հավանաբար, մենք ևս մեկ համագործակցություն կունենանք։

-Մտադի՞ր եք արդյոք Հայաստան բերել «Ծաղկավոր այլմոլորակայինին»։  Հայաստանով ոգեշնչված ավելի շատ զգեստներ կկարողանա՞նք տեսնել ձեր աշխատանքներում։

-Մեծ ուրախությամբ կբերեի, բայց ինչպե՞ս։ Մնում է հուսալ, որ ինչ–որ մեկը ցանկություն կհայտնի ինձ հետ կապի դուրս գալ և հնարավոր դարձնել դա։ Շատ ուրախ ու երախտապարտ կլինեմ։ Ժամանակն է սեփական աչքերով տեսնել նախնիներիս հայրենիքը, չէ՞ որ, ցավոք, մինչ օրս ոչ մի անգամ Հայաստանում չեմ եղել։ Երջանիկ կլինեմ շտկել այդ բացթողումը։