Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում խոսել է Ադրբեջանի ռազմատենչ քայլերի մասին

Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները հակամարտությունը հետևողականորեն օգտագործում են իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Քիչ առաջ ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Փաշինյանն իր ելույթում խոսեց Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության, տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության ապակայունացման փորձերի մասին։ Մասնավորապես, նա անդրադարձավ հուլիսյան դեպքերին, երբ Ադրբեջանը նախահարձակ եղավ Տավուշի մարզի ուղղությամբ:

Ի՞նչը պետք է պահպանել. համաշխարհային առաջնորդները որոշել են ՄԱԿ-ում փոփոխություններ անել

«Հայաստանը կոչ արեց գնալ լարվածության անհապաղ թուլացման և համաձայնեց դադարեցնել մարտական գործողությունները՝ դրանց բռնկումից հաշված ժամեր անց, այդուհանդերձ, Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները և չդադարեցրեց հարձակումները Հայաստանի սահմանամերձ շրջանների վրա՝ օգտագործելով հրետանի, ծանր զինատեսակներ, անօդաչու թռչող սարքեր և խոշոր հետևակային ստորաբաժանումներ»,- նշեց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ դրանից հետո Ադրբեջանի իշխանություններն էլ ավելի սաստկացրին իրենց ռազմաշունչ հռետորաբանությունը՝ հատելով քաղաքակիրթ պատկերացումների բոլոր հնարավոր սահմանները: Նա հիշեցրեց Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքի մասին՝ ընդգծելով, որ դա հավասարազոր է «միջուկային ահաբեկչության» սպառնալիքին:

«Հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, որ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարեց ՀՀ վարչապետը։

Փաշինյանն ասաց, որ Հայաստանը վերահաստատում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն իր հավատարմությունը: Փաշինյանը նաև շեշտեց բանակցություններում ղարաբաղյան կողմի մասնակցության կարևորությունը՝ ընդգծելով, որ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է կարողանա առանց սահմանափակումների որոշել իր կարգավիճակը»:

Փաշինյանը ՄԱԿ–ի ասամբլեայում խոսել է միջազգային հարաբերություններում ուժ չկիրառելու մասին

«Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն օգտագործում են հակամարտությունն իրենց իշխանության հարատևությունն օրինականացնելու նպատակով: Տասնամյակներ շարունակ Հայաստանը և հայերը որպես թշնամի են դիտվել Ադրբեջանի ղեկավարության կողմից` իրենց երկրում արդարացնելու համար ցածր կենսամակարդակը, ժողովրդավարության բացակայությունը և մարդու իրավունքների համատարած խախտումները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը շեշտեց, որ հրադադարը պետք է ամրապնդվի տեղում կոնկրետ գործողություններով: Դա նշանակում է հրաժարվել ռազմաշունչ հռետորաբանությունից և ատելության խոսքից, շփման գծում և սահմանի վրա ընդլայնել ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը։ Նրա համոզմամբ՝ չափազանց կարևոր են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի քննության մեխանիզմների ստեղծումը և տեղական հրամանատարների միջև կապի ուղիղ գծերի հաստատումը։

Նշենք, որ առաջին անգամ ՄԱԿ-ի պատմության ընթացքում հանդիպումն անցկացվում է առցանց ձևաչափով։

Բաքուն սպառնացել է հարված հասցնել Մեծամորի ատոմակայանին