«Կերևա, էլի». Հրայր Թովմասյանը`ՍԴ նախագահի նոր թեկնածու ունենալու մասին

ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլը պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան 10, ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի — Sputnik. ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի համար այսօր ՍԴ նախագահ չընտրելու փաստն անսպասելի չէր։ Թովմասյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` հավելելով, որ որևէ սցենար անսպասելի չի իր համար։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանի նախագահի միակ թեկնածուն` Երվանդ Խունդկարյանը, չի ընտրվել ՍԴ նախագահ։ Խունդկարյանը չի ընտրվել, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ թվով ձայներ չի ստացել։

Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ

«Ինչ վերաբերում է հաջորդ` նոր կազմակերպված ընտրությանը, ապա կլսեմ իմ գործընկերներին, կքննարկենք և կտեսնենք»,–ասաց Թովմասյանը։

ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլը պետք է տեղի ունենա ոչ շուտ, քան 10, ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում։

Անդրադառնալով երեկ հնչեցրած իր կարծիքին, թե Խունդկարյանն ինքնաառաջադրվել է, քանի որ իշխանությւոնների հետ կանխավ նման պայմանավորվածություն է եղել` Թովմասյանը ևս մեկ անգամ պնդեց իր կարծիքը` նշելով, թե ինչ ասել է, սխալ դուրս չի եկել։

Հարցին, թե ՍԴ նախագահի նոր թեկնածու ունի արդյո՞ք` Թովմասյանը պատասխանեց`կերևա, էլի։

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը մեկնարկել է դեռ սեպտեմբերի 23-ին։ Այդ պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ առաջադրում։ Երվանդ Խունդկարյանն ինքնառաջադրվել էր, իսկ Աշոտ Խաչատրյանի թեկնածությունն առաջադրել էր ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը։

Խաչատրյանն ինքնաբացարկ էր հայտնել, արդյունքում մնացել էր միայն մեկ թեկնածու։ Թովմասյանն ասել էր, որ չի մասնակցելու այսօրվա քվեարկությանը, քանի որ կարծում է` Խունդկարյանի ՍԴ նախագահ դառնալը նախապես համաձայնեցված է իշխանությունների հետ։

Սահմանադրական դատարանի նիստն ավարտվեց, նախագահ չընտրեցին. ե՞րբ սպիտակ ծուխ դուրս կգա ՍԴ-ից

Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: