Ինչո՞ւ Գեորգի Ավետիսյանը կորցրեց պաշտոնը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ կառավարական կուլիսներում «որոշում է կայացվել» «պատժել» ՍԱՏՄ ղեկավարին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը պաշտոնը կորցրեց «Արտ լանչի» անբարեխիղճ աշխատանքի պատճառով։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանին։

Թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ հիվանդանոցին մատակարարված սննդի ընդունումից հետո աղեստամոքսային խանգարում էր ստացել 54 անձ, այդ թվում՝ 2 հղի:

«Իհարկե, այս դեպքից հետո «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն պայմանագիրը խզել է «Արտ լանչի» հետ, բայց ընկերության ղեկավար կազմը այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել ավելի քան 5 տասնյակ մարդկանց փաստացի թունավորելու համար։ Փոխարենը կառավարական կուլիսներում «որոշում է կայացվել» «պատժել» ՍԱՏՄ ղեկավարին՝ ազատելով պաշտոնից»,– գրում է թերթը։

Ըստ պարբերականի` «Արտ լանչը» կշարունակի բարգավաճել, մոնոպոլ դիրքեր գրավել պետական համակարգում, սնունդ մատակարարել ՀՀ ՊՆ զորամասերին, ու հիմա արդեն կասկածահարույց է, թե ինչ որակի սնունդ է հասնում զինվորներին։

«Իսկ թե ինչու է այսքանից հետո «Արտ լանչը» շարունակում է արտոնյալ մնալ՝ որևէ տույժ չկրելով, դժվար է ասել»,– նշում է հոդվածագիրը։

Թերթը գրում է` չի բացառվում, որ այս ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Բակուր Մելքոնյանի, հիմա էլ է վայելում գործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հովանավորչությունը:

Մայիսից սպասում էր. Փաշինյանը Սմբատ Գոգյանին ազատեց ԲՈԿ նախագահի պաշտոնից