Հայաստանում ուսուցիչների գրեթե 1,5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ԱՆ

Լաբորիատորիաներում թեստավորման արդյունքները կարող են տարբերվել, բայց եթե մի անգամ դրական արդյունք է եղել, հաջորդը՝ բացասական, ապա այդ մարդը հաստատ վարակակիր է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի թեստավորում անցած ուսուցիչների մոտ 1.5 տոկոսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում տեղեկությունը հայտնեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

Որքա՞ն է ավելացել կորոնավիրուսի հետևանքով խնդիրներ ունեցող վարկառուների թիվը ՀՀ–ում

Նրա խոսքով՝ ներկայում մոտ 300 ուսուցիչ ինքնամեկուսացած է, մեծ մասի մոտ հիվանդության ախտանշաններ չկային, այսինքն՝ նրանք անգամ չգիտեին էլ, որ վարակակիր են։ Թեստավորումը կարևոր էր, որովհետև ուսուցիչները կարող էին վարակը փոխանցել աշակերտներին։ Մասնագետի խոսքով՝ թեպետ երեխաները հիվանդությունը թեթև են տանում, սակայն նրանք էլ կարող էին ընտանիքի անդամներին, այդ թվում՝ տատիկ, պապիկներին վարակել։ Նրա գնահատմամբ՝ գոնե այսքանով ուսուցիչների զանգվածային թեստավորման անցկացումն արդարացված է։

«Անգամ այդ քիչ տոկոսի հայտնաբերումը մեզ բավականին բան է տալիս»,- նշեց Պարոնյանը։

Նա նաև անդրադարձավ այն դեպքերին, երբ կորոնավիրուսի թեստի դրական ախտորոշման դեպքում ուսուցիչների մի մասը երկրորդ անգամ վճարովի հիմունքներով թեստ հանձնեց, ստացվեցին բացասական պատասխաններ։

Բժիշկներից քանի՞սն են ունեցել Covid-19–ի հակամարմիններ. բնակիչները և՞ս կթեստավորվեն

«Եթե մի լաբորատորիա տալիս է դրական պատասխան, մյուսը՝ բացասական, միևնույն է՝ այդ մարդը վարակակիր է»,- նշեց Պարոնյանը՝ հավելելով, որ այս խնդիրն ամբողջ աշխարհում կա, երբ լաբորատորիաները թեստավորման արդյունքները տարբերվում են։ Նա վստահեցնում է՝ թեստավորման ընթացքում տարբեր գործոններ կարող են ազդել արդյունքի վրա, բայց եթե մի անգամ թեստի պատասխանը դրական է եղել, ուրեմն տվյալ մարդը հաստատ վարակված է։

«Բացասականը կարող է կեղծ լինել, բայց դրականը չի կարող»,- ասաց մասնագետը՝ խորհուրդ տալով ուսուցիչներին ավելորդ գումարներ չծախսել լրացուցիչ թեստավորման համար, միևնույն է՝ նրանք 14 օր պետք է ինքնամեկուսանան։

Մահվան ևս 2 դեպք. ՀՀ–ում կորոնավիրուսի զոհ դարձածները տղամարդիկ են

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 7-ից մեկնարկել էր դպրոցների անձնակազմի թեստավորումը. մոտ 30 000 մարդ է թեստավորվել։ Այս տարի կորոնավիրուսային իրավիճակից ելնելով՝ դպրոցներում դասերը սկսվեցին սեպտեմբերի 14-ին. դրանք կավարտվեն 2021թ. հունիսի 4-ին։ Դասերի ժամանակ աշակերտներին գրատախտակի մոտ չեն կանչի, ինչպես նաև դասամիջոցներին չի թույլատրվի դասասենյակից դուրս գալ։