Հեշտ չէր. Գայանե Աբրահամյանը պատգամավորական մանդատից հրաժարվելուց հետո գրառում է արել

Ազգային ժողովի պատգամավորի մանդատից հրաժարված Գայանե Աբրահամյանը վստահեցնում է, որ որոշումը հեշտ չի տրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ մեկնաբանելով պատգամավորական մանդատից հրաժարվելու որոշումը՝ ընդգծելով, որ մանդատը դիտարկել է որպես միջոց` խնդիրների լուծման և հռչակված բարեփոխումների մեծածավալ աշխատանքն իրականացնելու համար։ Այս հարցումը ամենակարևորն արդյունավետությունն է, առանց որի մանդատն ու կարգավիճակը կդառնան ինքնանպատակ, ինչն իր համար անընդունելի են։

«Վստահեցնում եմ, որ այս որոշումը հեշտ չի տրվել, բայց չափազանց կարևոր է իմ սկզբունքների և արժեքների հետ ներդաշնակ լինել` մեր պետության ու ժողովրդի ապագայի համար կարևորագույն որոշումներ կայացնելիս»,- գրել է Աբրահամյանն ու հավելել, որ պատասխանատվությունից և պայքարից երբեք չի խուսափել, սակայն, նրա խոսքով, յուրաքանչյուր մարդ իր գործունեության առանցքում դնում է արժեհամակարգային սահմանագիծ, որը հատելը նշանակում է, թե առավել կարևորվում է «կարգավիճակը որպես նպատակ, այլ ոչ թե միջոց»։

Աբրահամյանն անդրադարձել է նաև իր լրագրողական գործունեությանը՝ ընդգծելով, որ միշտ պայքարել է երկրում արդարության վերականգնման և օրենքի գերակայության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների կայացման և մարդու հիմնարար իրավունքների ապահովման համար։ Որպես պատգամավոր իր համար առաջնահերթություն էր սահմանել ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդումը, դատական համակարգի առողջացումն ու անցումային արդարադատության գործիքակազմերի ներդրումը։

Միրզոյանն ինքն իրեն շուրջ 900 000 դրամով է պարգևատրել. որքա՞ն են ստացել պատգամավորները

Նա նաև համառոտ ակնարկ է արել օրենսդիրում իր 20 ամիսների աշխատանքին, անդրադարձել այն ծրագրերին, որոնցում իր ջանքերն է ներդրել, նպաստել բազմաթիվ քաղաքացիների խնդիրների լուծմանը՝ հասանելի լինելով 24-ժամյա ռեժիմով։

«Շնորհակալ եմ մեր պետության այս կարևորագույն շրջանում ինձ տրված քվեի և վստահության համար: Ինչպես երկու տարի առաջ, այսօր էլ ես նույնչափ համոզված եմ, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը մեր նորագույն պատմության նշանակալի էջերից է, և հիմա, առավել քան երբևէ, մենք ունենք ժողովրդավար և հզոր Հայաստան կառուցելու ամենաիրական հնարավորությունը»,- ամփոփել է գրառումը Աբրահամյանը։

«Արայի՛կ, արժե արձակուրդ վերցնել». Սմբատ Գոգյանը պաշտոնից ազատվելուց հետո գրառում է արել

Հիշեցնենք՝ այսօր հայտնի դարձավ, որ Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Նշենք, որ նա 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Մամուլում արդեն տևական ժամանակ է` շրջանառում են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների, այդ թվում` Գայանե Աբրահամյանի հրաժարականի մասին լուրերը, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փոփոխություններ անել իշխանության գործադիր ու օրենսդիր մարմիններում։

Ինչո՞ւ Գեորգի Ավետիսյանը կորցրեց պաշտոնը. «Ժողովուրդ»