Գայանե Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ազգային ժողովը հրապարակել է Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որը վերաբերում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հրաժարականի դիմումին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Գայանե Աբրահամյանը սեպտեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Տեղեկությունը հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարության մեջ:

Գրիշա Թամրազյանի դեմ քրգործ է պատրաստվո՞ւմ. փոխնախարարի հրաժարականի հետքերով

Հիշեցնենք` Գայանե Աբրահամյանն 2007թ–ին ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի պատմության և տեսության ֆակուլտետը` արվեստաբանի որակավորմամբ: 2009թ–ին սովորել է Վաշինգտոնի Լրագրողների միջազգային կենտրոնում (ICFJ)։

2016-2018թթ. եղել է «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ հիմնադիր նախագահ։ Աշխատել է տարբեր լրատվամիջոցներում։

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել  «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Նշենք, որ մամուլում արդեն տևական ժամանակ է` շրջանառում են «Իմ քայլի» մի խումբ պատգամավորների, այդ թվում` Գայանե Աբրահամյանի հրաժարականի մասին լուրերը, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշել է փոփոխություններ անել իշխանության գործադիր ու օրենսդիր մարմիններում։

Ըստ այդ լուրերի` «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանին որոշվել էր տեղափոխել ԱԻՆ` փոխնախարարի պաշտոնով։ Հետագայում նա պետք է փոխարինի նախարար Ֆելիքս Ցոլակյանին` վերջինի` թոշակի անցնելուց հետո։ Փամբուխչյանի նշանակումն արդեն իրականացել է։

Նշենք նաև, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն օրերս լրագրողների հետ զրույցում չէր պատասխանել պատգամավորների սպասվող հրաժարականների մասին հարցերին` վստահեցնելով, որ խմբակցությունում լուրջ խնդիրներ չկան։