ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցներն արդեն մի քանի օր է՝ բարձրախոսով հնչեցնում են դիմակ կրելու, սոցիալական հեռավորության և այլ հակահամաճարակային կանոնների պահպանման վերաբերյալերևանցիներին արդեն քաջածանոթ տեքստը։
Ոստիկանության մեքենաներից կոչերը սկսեցին հնչել ապրիլից, արտակարգ դրության ռեժիմի ֆոնին, և շարունակվում էին մինչև ամռան կեսերը։ Ինչ-որ պահից սկսած՝ մեքենաներից հնչում էր նույնիսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձայնը։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման դիտարկումը սուբյեկտիվ է, այնուհետև խորհուրդ տվեց մտահոգության առիթ չփնտրել։
«ՀՀ ոստիկանությունը շարունակում է կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումները։ Ժամանակ առ ժամանակ միջոցառումները փոփոխվում և թարմացվում են»,– ասաց նա։
Թեպետ մտահոգվելու առիթ ունի նաև կառավարությունը։ Նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվել է։ Սեպտեմբերի 24-ին և 25-ին Հայաստանում հիվանդության դեպքերի աճ է նկատվում՝ համապատասխանաբար 374 և 392 դեպք։ Մինչ այդ հիվանդացության ցուցանիշները օրական տատանվում էին 200–ի սահմանում։
Փաշինյանը բացատրեց հիվանդության դեպքերի աճը ամառային սեզոնի ավարտից հետո քաղաքացիների ակտիվ տեղաշարժերով և հակահամաճարակային կանոնների ոչ խիստ պահպանմամբ։ Ըստ նրա` անհրաժեշտ է խստացնել վարչարարական վերահսկողությունը, այդ թվում՝ տուգանել խախտում կատարած անձանց։