Վարորդական իրավունքի քննությունների խստացումը հետաձգվում է. նոր ժամկետ է սահմանվել

2020թ–ի օգոստոսի 10-ի դրությամբ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՃՈ է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում։ Օրական ընդունվում է որակավորման առավելագույնը 400 քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Վարորդական իրավունքի վկայական ստանալու համար քննությունների նոր` առավել խստացված կոնոնները կսկսեն գործել ոչ թե 2020 թվականի սեպտեմբերի 27-ից, ինչպես կառավարությունը որոշել էր դեռ տարեսկզբին, այլ 2021 թվականի հունվարի 1-ից։ Նման որոշում ընդունվեց այսօր գործադրի նիստում` ՀՀ ոստիկանության առաջարկով։

Հնարավոր է՝ Ռուսաստանում թույլատրեն օգտվել հայկական վարորդական իրավունքից

Փոփոխությունների ժամկետի հետաձգումը ոստիկանությունը պայմանավորում է կորոնավիրուսային համաճարակով, քանի որ նախորդ ամիսների ընթացքում ՃՈ քննական կենտրոնները մարտի 25-ից մինչև մայիսի 17-ը և հունիսի 3-ից մինչև հունիսի 14-ը դադարեցրել էին աշխատանքը։

Հիշեցնենք` նոր կարգով վարորդական իրավունք ստացողների համար սահմանվում են ավելի խիստ պայմաններ։ Այսպես` վարորդի թեկնածուն նախ ստիպված կլինի ներկայացնել իր առողջական վիճակի ստուգման թերթիկ։

Բացի այդ, տեսական գիտելիքների ստուգման թեստը պարունակելու է ոչ թե 10, այլ 20 հարց, որոնց պատասխանելու համար տրվելու է 30 րոպե ժամանակ։ Դրական է համարվելու առնվազն 18 ճիշտ պատասխանը։

ՃՈ տեսուչը կաշառքով օժանդակել է վարորդական իրավունքներ ստանալու հարցում

Վարորդի թեկնածուի տրանսպորտային միջոց վարելու հմտությունները ստուգվելու են ոչ միայն հատուկ հրապարակում, ինչպես ներկայում, այլ նաև ճանապարհային երթևեկության իրական պայմաններում։

Ի դեպ, նշենք, որ ՀՀ ոստիկանության ներկայացրած վիճակագրության համաձայն` քննության ավելի խիստ պայմաններից խուսափելու նպատակով քաղաքացիները հատկապես օգոստոս ամսին սկսել են ավելի շատ դիմել քննական կենտրոններ։

2020թ–ի օգոստոսի 10-ի դրությամբ` վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՃՈ է ներկայացվել ավելի քան 26 000 դիմում, որոնցից մոտ 12 500-ը՝ Երևանում:

Քննական կենտրոններում ներկայում օրական ընդունվում է առավելագույնը 400 որակավորման քննություն։

Ինչ է փոխվել վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում