ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik.Հայաստանում մասսայական վարկային արձակուրդը կամ համաներումը կհանգեցնեն մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական շատ մեծ վնասների։ Նման հայտարարությամբ այսօր ԱԺ–ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հանդես եկավ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։
Նրա խոսքով` վարկերի հակառակ կողմում ավանդատուներն են, որոնք, ըստ Երիցյանի, առաջինն են տուժելու վարկերի համաներման դեպքում։
«Կենտրոնական բանկը նման համաներում իրականացնելու իրավասություն, լիազորություն չունի։ Հակառակը` մենք պետք է կարողանանք այդ անհուսալի վարկերը բոլոր հնարավոր միջոցներով վերականգնել, որպեսզի ավանդատուների շահերը չտուժեն»,– ասաց նա։
Երիցյանը նշեց, որ հայաստանյան բանկերն իրենց ավանդատուներին տարեկան ընդհանուր առմամբ 140 մլրդ դրամ եկամուտ են վճարում։
Կորոնավիրուսի ընթացքում ավանդները նվազել են, վարկերն՝ աճել. ԿԲ նախագահը բացատրեց` ինչու
«Եթե վարկերը համաներվեն, բնականաբար այդ կորուստների վնասները պետք է կրեն դեպոզիտորները։ Եթե ավանդատուները կհամաձայնեն, որ այլևս տոկոս չեն ուզում, բերենք այստեղ, նստեցնենք, բոլորս իրար հետ համաձայնության գանք»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բանկերին, Երիցյանի համոզմամբ, կորուստները մասնավոր ֆինանսական կառույցների համար այնքան մեծ կլինեն, որ կասեն` ավելի լավ է` ես էլ բիզնեսով չզբաղվեմ, թող պետությունը զբաղվի։
ԿԲ փոխնախագահը վստահեցրեց, որ այս ամենից տուժելու են միայն բանկերն ու ավանդատուները, վարկառուների պայմանները դրանից չեն բարելավվելու։
Մեքենաներ ու բիզնես՝ առանց գրավի․ Հայաստանում բանկային վարկերին այլընտրանք է զարգանում