«Սա ինչ-որ մեկին ուղղված ուղերձ չէ»․ Փարվանյանը` հայ-ռուսական զորավարժությունների մասին

«Կովկաս-2020» ռազմավարական զորավարժությունների մարտավարական գործողություններին մասնակցեցին հայ զինծառայողները, սահմանապահներն ու ռուսական ռազմակայանի զինվորականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայ–ռուսական համատեղ զորախմբի զորավարժության նպատակը մեկ հրամանատարության ներքո գործելն է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանը՝ մեկնաբանելով Հայաստանի «Ալագյազ» զորավարժարանում անցկացվող «Կովկաս-2020» զորավարժությունների պրակտիկ փուլը։

Պուտինը կմասնակցի «Կովկաս- 2020» զորավարժություններին

«Հայ-ռուսական խմբավորման զորավարժություններին միացել են սահմանապահ ուժերը։ Այսօր ավարտվեց կրակային փուլը, վաղն էլ են կրակելու, իսկ բուն զորավարժությունները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 26-ը», -ասաց նա։

Սցենարի համաձայն՝ հակառակորդը խախտել է սահմանն ու հայկական տարածք է մտել։ Հայ-ռուսական զորախումբը հետ է շպրտել հակառակորդին ու վերականգնել պետական սահմանի վերահսկողությունը։

Զորավարժություններին մասնակցել է մոտ 1,5 հազար զինծառայող, օգտագործվել է մինչև 300 միավոր տեխնիկա (հիմնականում՝ զրահատեխնիկա)։

«Շանթ-2020». Հայաստանում զորավարժություն կանցկացվի

«Մասնակցել են բանակային տարբեր կորպուսի հայկական զորամասերը, սահմանապահներն ու 102-րդ ռուսական բազայի ստորաբաժանումները», - նշեց Փարվանյանը։

Զորավարժությունների ընթացքում խաղարկվել են նոր էլեմենտներ, որոնք այս պահին բարձրաձայնման ենթակա չեն։

Գեներալ–լեյտենանտը գոհ է զորավարժություններից։ «Երբ ընդհանուր զորավարժությունը վերջացնենք, կլինեն համապատասխան մարդիկ, որոնք կխրախուսվեն, սպասում եմ ստորաբաժանումների հրամանատարների զեկույցներին` ովքեր են աչքի ընկել, ով ինչպիսի խոցում է իրականացրել, որպեսզի կարողանամ մարդկանց խրախուսել ըստ արժանվույն»,– ասաց նա։

«Կովկաս-2020». «Մստա-Ս» ինքնագնաց հրետանին վերացրել է «հակառակորդի» տեխնիկան

Խոսելով համատեղ զորավարժությունների կարևորության մասին`Փարվանյանը կարծիք հայտնեց, որ հայ և ռուս զինծառայողները, սահմանապահները պետք է կարողանան գործել միասնական հրամանատարության ներքո` հակառակորդի հետ արդյունավետ պայքարելու համար։

«Այդ ներդաշնակությունը ես տեսնում եմ», – ասաց նա։

Փարվանյանի խոսքով` իհարկե կային նաև թերություններ։ «Անթերի գործ չի լինում, բայց այդ թերություններն այնքան չնչին են, որ ես ասում եմ` մեր մարտական խնդիրը այսօր կատարեցինք։ Սակայն դրանք չխանգարեցին կատարել դրված առաջադրանքը»,– ավելացրեց գեներալ –լեյտենանտը։

Հարցին, թե արդյոք վարժանքները որևէ մեկին ուղղված ուղե՞րձ են, Փարվանյանը բացասական պատասխան տվեց։

«Սա մեր մարտական ծրագրի կատարումն է, որը մենք տարեսկզբին մշակել ենք համատեղ Հարավային ռազմական օկրուգի հետ ։ Համաձայն այդ ծրագրի` շարժվում ենք առաջ։ Այսպիսի միջոցառում պետք է իրականացնեինք նաև ապրիլին, բայց համավարակի պատճառով չարեցինք։ Այսպիսի միջոցառումներ լինելու են տարին երկուսից երեք անգամ, սա առաջին անգամը չէ և ոչ մեկին ուղղված ուղերձ չէ. մենք մեր գործն ենք անում», – շեշտեց Փարվանյանը։

«Կովկաս-2020» զորավարժություններն անցկացվում են սեպտեմբերի 21-26-ը ՀՌՕ տարածքում և Սև ու Կասպից ծովերում` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի գլխավորությամբ։ Զորավարժություններին մասնակցում է շուրջ 80 հազար մարդ, այդ թվում` ԱԻՆ–ի և Ռոսգվարդիայի աշխատակիցները, ինչպես նաև շուրջ 1000 զինվորականներ Հայաստանից, Բելառուսից, Իրանից, Չինաստանից, Մյանմայից և Պակիստանից։