ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Սահմանադրական դատարանն այսօր էլ նոր նախագահ չընտրեց. ՍԴ նիստը կշարունակվի վաղը։ Նիստից հետո տեղեկությունը լրագրողներին հայտնեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։
«Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի համար կար երկու թեկնածություն` մեկ ինքնաառաջադրում և մեկ էլ առաջադրում։
Նրա խոսքով` ՍԴ նախագահի միակ թեկնածուն ծրագրային ելույթով հանդես եկավ, նրան հարցեր ուղղեցին։
Հարցին, թե ո՞վ է այդ միակ թեկնածուն` Շաթիրյանը պատասխանեց, որ մամուլում արդեն իսկ լուրեր կան այդ մասին։
Նշենք, որ լրատվամիջոցներում վաղուց էին լուրեր շրջանառվում, որ ՍԴ նախագահ է ընտրվելու ՍԴ նորընտիր դատավոր Երվանդ Խունդկարյանը։
Շաթիրյանն ասաց` եթե մամուլում շրջանառվող լուրերն ինքնաառաջադրվող թեկնածուի մասով չեն հերքվել, ուրեմն` դրանք ճիշտ են։
ՍԴ նիստը կշարունակվի վաղը, ժամը 10։30-ին։
«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում
Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Ինչ վերաբերվում է Խունդկարյանին, ապա նա ՍԴ դատավորի թեկնածու էր առաջադրվել Դատավորների ընդհանուր խորհրդի կողմից, իսկ մինչ այդ նա զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը։ Խունդկարյանը դատական համակարգում աշխատում է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:
Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: