ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Գամալեայի անվան ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել ռիսկային խմբերի կամավորների վրա։ Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով` փորձարկումներին մասնակցող ռիսկային խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ։
«Եկեք սպասենք հետազոտությունների արդյունքներին, բայց բոլոր դեպքերպում մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, քանի որ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա։ Տարեցների համար մենք որևէ բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Մայրս և հայրս, որոնք 74 տարեկան են, ևս կամավորների ծրագրի շրջանակում պատվաստվել են և իրենց հիանալի են զգում», – ասել է Դմիտրիևը։
Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։
Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։
ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ
Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։