Քվոտաների հատկացում` ՌԴ–ում սովորելու համար. տեղերն ավելի շատ կլինեն, համակարգը կբարեփոխվի

«Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը կարծում է, որ ռուսական բուհերում դիմորդներին անվճար տեղեր տրամադրելու ձևաչափը բարեփոխման կարիք ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik, Ալեքսեյ Ստեֆանով. ՌԴ Պետդումայի պատգամավոր Եվգենի Պրիմակովն այս տարվա հունիսի վերջին «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար նշանակվեց և անմիջապես լուրջ փոփոխություններ խոստացավ ռուսական գործակալության գործունեության հարցում։ Նորանշանակ ղեկավարը որպես ցավոտ թեմա առանձնացրեց օտարերկրյա քաղաքացիների համար ռուսական բուհերում սովորելու քվոտաների տրամադրման համակարգը։

«Քվոտաների թիվը կավելանա, նախագահը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը. խմբ.) ասել է, որ դրանք ավելի շատ կլինեն։ 2023 թվականին պետք է կրկնակի ավելանան։ Սակայն մենք կրթության նախարարության և Պետդումայի գործընկերների հետ քննարկում ենք, որ քվոտաների պատմությունն այդքան էլ արդյունավետ չէ», – Sputnik գործակալությանն ասաց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը։

Նա բերեց Բելառուսի օրինակը, որին մեծ թվով բյուջետային տեղեր էին հատկացվել բուհերում, բայց Ռուսաստանը հազիվ թե ոտք գցի նույնիսկ Լեհաստանի հետ։

ԳՄՌԿ–ն սարսափելի հապավում է. Եվգենի Պրիմակովը կփոխի «Ռոսսոտրուդնիչեստվոյի» անվանումը

«Լեհերը ոչ միայն սովորելու հնարավորություն են ընձեռում, այլև ուսանողների համար որոշակի կրթաթոշակներ, դրամաշնորհներ են հատկացնում։ Նրանց հետ մրցելը դժվար է, եթե մենք երեխաներին առաջարկում ենք պարզապես գալ և սովորել։ Պետք է կատարելագործել համակարգը, որպեսզի որոշակի պահի գոնե այդ քվոտաների մի մասում դրամաշնորհների և կրթաթոշակների բաղադրիչ հայտնվի։ Որպեսզի ոչ միայն ասենք` եկեք և սովորեք, այլ ահա ձեզ տոմս, որ տեղ հասնեք, ահա ձեզ հնարավորություն վճարելու բնակարանի կամ հանրակացարանի համար», – նշեց Պրիմակովը։

«Ռոսսոտրուդնիչեստվոն» «թվային առաջխաղացում» է սկսել․ կազմակերպության նոր ձևաչափերը

«Ռոսսոտրուդնիչեստվոն» շահագրգռված է, որ օտարերկրյա ուսանողները, Ռուսաստան գալով, դառնան բարձրակարգ մասնագետներ, իրենց ոլորտում բարձրակարգ փորձագետներ, իսկ սովորելուց հետո վերադառնան տուն, լավ աշխատանք գտնեն։ Բայց այսօրվա համակարգի պարագայում այդ ծրագրերը կյանքի կոչելը հաճախ չի հաջողվում։

«Կան երեխաներ, որոնք Ռուսաստան են գալիս ու ծանր հանգամանքներում են հայտնվում, նրանք ստիպված սկսում են աշխատել որպես տաքսու վարորդներ, փողոց են ավլում։ Դա սխալ է նույնիսկ այդ երեխաների կրթության համար մեր բյուջետային միջոցները ծախսելու տեսանկյունից», – պարզաբանեց «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավարը։

Նրա խոսքով` քվոտաների տրամադրման համակարգի բարեփոխման հստակ ծրագրեր դեռ չկան, «ծրագիր ասվածը քիչ թե շատ հստակ բան է», իսկ խնդիրը դեռ նոր է քննարկվում։ Պրիմակովը համոզված է, որ առանց բարեփոխումների խնդիրը չի լուծվի։

Օտարերկրյա ուսանողների համար բյուջետային տեղերը 15-ից մինչև 30 հազար ավելացնելու հարցը Պետդումայում քննարկվել է 2020 թվականի սկզբին։ Այն ժամանակ ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը նշեց, որ 15 հազար տեղը չի համապատասխանում Ռուսաստանի միջազգային դերին ու մարդասիրական ուժին։ Եվ նույնպես բերեց Լեհաստանի օրինակը, որը միայն Բելառուսի քաղաքացիների համար 10 հազար բյուջետային տեղ է հատկացնում, և Ռումինիայի, որը ամեն տարի անվճար ուսում է տալիս Մոլդովայի 5 հազար քաղաքացու։ Այն դեպքում, երբ Ռուսաստանում սովորելու համար օտարերկրացիներից մոտավորապես 100 հազար հայտ է ստացվում։ Արդյունքում կրթության նախարարությունը ծրագրում է օտարերկրյա ուսանողների համար քվոտաների թիվը հասցնել 30 հազարի։

Անորոշություն ցնցումներից հետո. ՀՊՏՀ–ում ժամանակը կանգ է առել