Պետք է հասկանանք. օգոստոսին անցյալ տարվա համեմատ լավ ենք ապրել, հուլիսի համեմատ` վատ

ՀՀ վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց վերլուծել վիճակագրական ցուցանիշներն ու հասկանալ։ Պարզվեց` ՊԵԿ նախագահն արդեն վելուծել ու հասկացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում հայտնեց, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների վերացման պետական աջակցության ծրագրերով տնտեսվարողներին տրված գումարների մեծ մասն օգտագործվում է սարքավորումների, հումք ձեռք բերելու, աշխատավարձերի ու հարկերի վճարման համար, և հիշեցրեց, որ ծրագրերի նպատակն է նաև առկա աշխատատեղերը պահպանելը։

Կորոնավիրուսային իրավիճակը դարձյալ սրվել է. վարչապետն առաջարկում է խստացնել հսկողությունը

«Օգոստոսին նախորդ ամիսների համեմատ աշխատավարձերի ֆոնդը ՀՀ–ում ավել է եղել 10 մլրդ 974 մլն դրամով կամ 9.6%-ով, սակայն հուլիսի նկատմամբ օգոստոսին պակաս է եղել 663 մլն դրամով։ Սա պետք է վերլուծենք և հասկանանք` ինչի հետ է կապված»,– ասաց վարչապետը։

Նա նաև նշեց, որ 2020թ–ի օգոստոսին ՀՀ–ում միջին աշխատավարձը 2019–ի համեմատ բարձրացել է 13 671 դրամով կամ 47.3%–ով։ Բայց 2020թ–ի հուլիսի նկատմամբ աշխատավարձերը նվազել են 5 973 դրամով կամ 2.9%-ով։ Այս թվերը ևս վարչապետը հանձնարարեց վերլուծել ու հասկանալ։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնեց, որ արդեն վերլուծել ու հասկացել է։ Նրա խոսքով` դա կապված է հուլիսին արձակուրդների ակտիվացման հետ։ Բանն այն է, որ արձակուրդային վճարներից ավելի քիչ հարկեր են գանձվում։

ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ նույն տարբերությունը գրանցվել է նաև 2019թ–ի հուլիսի ու օգոստոսի ցուցանիշներում։

Վարչապետը որոշել է պարգևատրել կորոնավիրուսի դեմ կռիվ տված ԲԿ–ների ղեկավարներին