ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik.Կորոնավիրուսի դեմ պայքարի համար Եվրոպական միությունը Հայաստանին 30 մլն եվրոյի դրամաշնորհ կտրամադրի։ «COVID-19 համավարակի դիմակայման» համաձայնագիրն այսօր ներկայացվեց ՀՀ կառավարության հաստատմանը։
Համաձայնագիրը ներկայացնող ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց, որ դրամաշնորհը տրամադրվելու է երկու փուլով։
«Համաձայնագրով նախատեսված 24 մլն եվրոն տրամադրվելու է միանվագ մասհանմամբ` համաձայնագրի ստորագրումից հետո` առանց որևէ նախապայմանի։ Մնացած 6 մլն եվրոն տրամադրվելու է համաձայնագրի հատուկ նախապայմաններում ներկայացված COVID-19-ի ճգնաժամի դիմակայմանն ուղղված առողջապահական, սոցիալ-տնտեսական ոլորտներում իրականացվող ծրագրերով»,– ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը հույս հայտնեց, որ առաջիկայում գումարներն արդեն կփոխանցվեն ՀՀ պետական բյուջե։ Մհեր Գրիգորյանը նաև հայտնեց, որ ԵՄ–ի հետ քննարկվում է ևս երկու աջակցության ծրագիր, որոնք նմույնպես առաջիկայում կներկայացվեն կառավարության հաստատմանը։
Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց մեկ այլ ֆինանսական աջակցության համաձայնագիր նույնպես, որը դարձյալ ուղղված է կորոնավիրուսի դեմ պայքարին։
Ասիական զարգացման բանկի հետ 2 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային համաձայնագիրը ստորագրվել է դեռ 2020թ. օգոստոսի 27-ին։
Այս դրամաշնորհը ևս տրամադրվելու է Հայաստանում COVID-19-ի չեզոքացման ծրագրերը ֆինանսավորելու համար:
Կառավարությունը միաձայն հավանություն տվեց երկու համաձայնագրերին։
374 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 48 251