Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության համաձայնագիրը

Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, թե համաձայնագիրը ձայների ինչ հարաբերակցությամբ է վավերացվել Սենատում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

243 կողմ, 0 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Իսպանիայի Սենատը վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը. 5 մարդ չի մասնակցել քվեարկությանը։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել էր 2017թ.–ի նոյեմբերի 24-ին Բրյուսելում, իսկ 2018 թվականի հունիսի 1-ին արդեն ուժի մեջ է մտել ժամանակավոր հիմունքով։ Որպեսզի այն ամբողջությամբ գործի, պարտադիր պայման է, որ ԵՄ բոլոր երկրների կողմից այդ համաձայնագրի վավերացման կամ ուժի մեջ մտնելու ներպետական ընթացակարգերն ավարտին հասցվեն։

Վավերացման գործընթացը ժամանակ է պահանջում։ Որոշ երկրներում բավական է միայն խորհրդարանի հավանությունը, մյուսներում փաստաթուղթը պետք է հաստատի և՛ խորհրդարանը, և՛ կառավարությունը։

 

Այն արդեն վավերացրել են Բուլղարիան, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Էստոնիան, Իռլանդիան, Կիպրոսը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Հունգարիան, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Ֆինլանդիան, Միացյալ Թագավորությունը և Հայաստանի Հանրապետությունը:

Հուլիսի 7-ին համաձայնագրին կողմ էր քվեարկել նաև Հունաստանի խորհրդարանը, իսկ օգոստոսի 5-ին` Իտալիայի Պատգամավորների պալատը։