Հայերենի դասաժամերը կրճատում են, հայագիտությունը` զարգացնում. նախարարության թնջուկը

Հայագիտության զարգացումը կարևոր է, սակայն կրթական հարցերով փորձագետը կարծում է, որ այն չի կարող զարգանալ դրսում, եթե երկրի ներսում դրա հիմքը չդրվի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Հայագիտությունը չի կարող դրսում զարգանալ, եթե Հայաստանում հայագետների սերունդ չկարողանանք աճեցնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց կրթության հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը` անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության այն հայտարարությանը, որ էականորեն ընդլայնվել է պետության աջակցությամբ հայերենի ու հայագիտական առարկաների դասավանդումը օտարերկրյա հաստատություններում։

«Հայ եկեղեցու պատմության» հարցով նախարարը և կաթողիկոսը հանդիպել են. ի՞նչ են պայմանավորվել

Հայերեն և հայագիտական առարկաների դասավանդում 2020–21 ուսումնական տարում իրականացվում է 8 պետության 10 հաստատություններում (նախկին 4-ի փոխարեն): Նշվում է, որ ԿԳՄՍՆ–ն հետևողական աշխատանքներ է տանում արտերկրում հայագիտության ցանցի ընդլայնման ուղղությամբ։

Եվ սա, ըստ էության, այն ֆոնի վրա, երբ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել էր` նախատեսվում է դպրոցներում հայոց լեզվի դասաժամերը կրճատել՝ դրանք վերաբաշխելով բնագիտական առարկաների միջև։ Իսկ պատճառաբանումն ուշագրավ էր` երեխան, ըստ էության, մյուս առարկաների ժամերին էլ առնչվում է հայերենին։

«Հայագիտությունը դրսում ուժեղացնելու առումով որևէ մեկը դեմ չի կարող լինել, քանի որ դրա անհրաժեշտության մասին բոլորը գիտեն։ Սակայն հայագիտության հիմնական կենտրոնը պետք է Հայաստանը լինի, մասնավորապես` հայագիտական այն կենտրոնները, որ ունենք Հայաստանում` ԳԱԱ–ն, Մատենադարանը և այլն»,–ասաց Մխիթարյանը։

Նրա խոսքով` հայագիտական ուղղվածությամբ մեծ գիտնականներ ունենալու համար պետք է համապատասխան միջավայր ապահովել, այսինքն` դպրոցից սկսած հայագիտական առարկաները պետք է դրվեն բարձր մակարդակի վրա, առարկայական ծրագրերը քննարկվեն մասնագետների հետ։

«Հայ եկեղեցու պատմություն» առարկան բովանդակային փոփոխություն չի կրելու». Մակունց

Իսկ հիմա, ըստ Մխիթարյանի, մասնագետները, ծնողներն ու ուսուցիչները` բոլոր շահագրգիռ մարդիկ, ահազանգում են, որ ազգային հիմքերից կտրվում ենք։ Ստեղծված իրավիճակում, ըստ մասնագետի, լավագույն լուծումն այն կլիներ, որ նախարարը հանրության առջև ներողություն խնդրեր թափթփված աշխատանքների համար և ասեր, որ այս պահից սկսած` բոլոր գործընթացները դրվում են նորմալ հիմքի վրա, ներգրավելու են բոլոր կողմերին և կազմվում է նոր փաստաթուղթ։

Մխիթարյանը նշում է, որ պետք է կանգ առնել, խոսել ու բացատրել իրավիճակը և նոր միայն առաջ գնալ, քանի որ այսպես եթե անգամ նախարարությունն ինչ–որ բան ճիշտ է անում, մեկ է` դա չի ընկալվում։

Իսկ ինչ վերաբերում է հայագիտության զարգացմանը, ապա դա պետք է անել ինչպես Իսրայելն է անում։ Այսինքն` պետությունը դրամաշնորհային ծրագրերով պետք է խրախուսի, որպեսզի ավելի շատ գիտնականներ հայագիտական հարցերով զբաղվեն, այդ թվում` ոչ հայ։

Հայոց եկեղեցու պատմությունը պիտի դասավանդվի որպես առանձին առարկա. Գարեգին Բ

Դա պետք է խրախուսվի տարբեր երկրների հայագիտական կենտրոնների, ամբիոնների հետ համագործակցության ծրագրերով, քանի որ որևէ գիտություն չի կարող կղզիացած զարգանալ։

Հիշեցնենք, որ տևական ժամանակ է` բողոքի ակցիաներ են կազմակերպվում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով։ Բողոքողների շարքում կան հենց հայերենի մասնագետներ, որոնց խոսքով`կրթության նոր չափորոշիչներով հայկականն ու ազգայինը դուրս է մղվում։