«Եթե չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվերակեմ». Հրայր Թովմասյանը կմնա՞ ՍԴ-ում

ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահի ընտրություններին։ Նա ասել է` ինչ երեք հատկություն պետք է ունենա անձը, որ ինքը կողմ քվեարկի այդ մարդու օգտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի– Sputnik. ՍԴ–ն այսօր ՍԴ նախագահ և փոխնախագահ կընտրի։ Վերոհիշյալ օրակարգով դեռ երեկ սկսված և մի քանի ժամ տևած նիստն աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված հետաձգվել էր և շարունակվում է այսօր։

«ՍԴ–ում կան նոր անդամներ, պետք է որոշ հարցեր տամ նրանց։ Իմ փորձով կկիսվեմ նրանց հետ, քանի որ պատկերացնում եմ` ինչն ինչպես է կատարվում։ Սակայն եթե հարցերի միջոցով չգտնեմ իմ թեկնածուին, բոլորին դեմ կքվեարկեմ»,–ասաց Թովմասյանը։

Նրա խոսքով` նախորդ անգամ, երբ ՍԴ–ում ընտրություններ էին, տեղակալներ ընտրելու գործընթացը 5 րոպե է տևել, քանի որ բոլորը ճանաչում էին ՍԴ անդամներին։

Ամեն դեպքում, ըստ Թովմասյանի, ՍԴ նախագահի ընտրությունները պետք չէ դարի հարց դարձնել, անգամ` օրվա հարց, քանի որ ՍԴ նախագահն իր հիմնական ֆունկցիան իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ դատավորներից։ Թովմասյանը վստահեցնում է` սա քաղաքական ընտրություններ չեն, և սա չպետք է դիտարկել որպես անձերի պայքար։

Իշխանության թեկնածուն մենակ է մնացել ՍԴ–ում. ովքե՞ր են նրան դեմ դուրս եկել. «Ժողովուրդ»

Ինչ վերաբերում է հարցին, թե կա՞ մեկը, որի թեկնածությունը կառաջադրի Թովմասյանն ինքը, կամ էլ ի՞նչն է կարևոր, որ նա կողմ քվեարկի որևէ մեկի թեկնածությանը, ապա ՍԴ նախկին նախագահը պատասխանեց` իր համար երեք գործոն է կարևոր։

«ՍԴ նախագահը ներսում և դրսում հեղինակություն պետք է լինի, մարդկային հատկանիշներն են կարևոր, ինչպես նաև վարչական, կազմակերպչական ունակությունները»,–ասաց Թովմասյանը։

Մեկ այլ հարցի, թե այսքանից հետո, երբ օրենքի փոփոխությամբ նրան ՍԴ նախագահի պաշտոնից «ազատեցին», հե՞շտ կլինի մնալ ՍԴ-ում որպես դատավոր, Թովմասյանը պատասխանեց` որ հետոյի առումով հստակ դիրքորոշում չունի։

«Հիմա դուք ասեք` ես ո՞ր իշխանության մարդն եմ». Երվանդ Խունդկարյանը կինքնաառաջադրվի՞

Հիշեցնենք` 2019թ–ին իրականացված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հրայր Թովմասյանը կորցրել էր Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը, իսկ ՍԴ դատավորներ Հրանտ Նազարյանի, Ալվինա Գյուլումյանի և Ֆելիքս Թոխյանի լիազորությունները վաղաժամ դադարեցվել էին` տարիքային շեմով պայմանավորված:

2020թ–ի սեպտեմբերի 15-ին ԱԺ–ն փակ գաղտնի քվեարկությամբ նրանց փոխարեն ՍԴ դատավորների թափուր պաշտոններում ընտրեց 3 այլ թեկնածուների` Էդգար Շաթիրյանին, Արթուր Վաղարշյանին և Երվանդ Խունդկարյանին։

Նոր օրենքի համաձայն` Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի:

«Մեր մեջ քննարկում չի եղել». Վահե Գրիգորյանը` ՍԴ նախագահի հավանական թեկնածուի մասին