ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի — Sputnik. Սերգեյ Վակուլենկոյի խփած գնդակը հանդիպման 111-րդ րոպեին հաղթանակ բերեց «Արարատ-Արմենիային» սլովենական «Ցելյեի» նկատմամբ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլում։ Հայաստանի չեմպիոնը կխաղա փլեյ -օֆֆում։
Հանդիպման առաջին խաղակեսն անցավ բավականին հետաքրքիր պայքարում։ Ընդհանուր առմամբ հավասար պայքար էր, ու մրցող կողմերից ոչ մեկին չէր հաջողվում ստանալ տարածքային կամ խաղային առավելություն։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ, երկու թիմն էլ ավելի շատ մտածում էին գնդակ բաց չթողնելու մասին։ Գրոհի ընթացքում թե՛ «Արարատ-Արմենիայի» և թե՛ «Ցելյեի» ֆուտբոլիստների մոտ պակասում էր վերջին հարվածը։ Երբեմն հարվածներ եղան, բայց դարպասապահները մինչև ընդմիջում խաղին լրջորեն այդպես էլ չմիջամտեցին։ Պարզ դարձավ, որ հիմնական իրադարձությունները դեռևս առջևում էին։
Իհարկե կարևոր էր, որ հայկական թիմը չէր զիջում մրցակցին ու որոշ դեպքերում էլ առանձնանում էր գեղեցիկ խաղով։ Բայց «Ցելյեն» շատ կազմակերպված էր խաղում պաշտպանությունում, ու խաղային կարգապահությունը սլովենական չեմպիոնի մոտ անսասան էր։ Սա էլ հիմնական պատճառն էր, որ մեր ֆուտբոլիստները չէին կարողանում ճեղքել մրցակցի պաշտպանությունը։ Հարկավոր էր անակնկալ որոշումներ կայացնել առջևի գծում, քանի որ հյուրերը առանց մեծ ճիգեր գործադրելու գուշակում էին մերոնց հաջորդ քայլն ու չեզոքացնում վտանգը։
«Փյունիկի» նախկին գլխավոր մարզիչը բուլղարական ֆուտբոլային ակումբ կղեկավարի
Երկրորդ խաղակեսի հենց սկզբից հյուրերը զգալի ավելացրին խաղի տեմպը, բայց առաջին գոլային հնարավորությունը ունեցան մերոնք։ Ֆուրջել Նարսինգը, միայնակ անցնելով մոտ 60 մետր, հարվածեց, ու գնդակը դարպասաձողի հարևանությամբ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Խաղը սրվեց, երկկողմանի արագություններով մրցակիցները ձգտում էին վճռել հանդիպման ելքը։
Աստիճանաբար տարածքային առավելությունը անցավ «Ցելյեի» ֆուտբոլիստներին։ Մեր թիմը սկսեց գործել հակագրոհների մարտավարությամբ։ Բայց մինչև հիմնական ժամանակի ավարտը այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց, չնայած վերջին վայրկյաններին Մարտինեսը կարող էր հաղթանակ ապահովել հայկական թիմին, բայց վրիպեց նպաստավոր դիրքից։
Հայաստանի չեմպիոնի մասնակցությամբ Եվրոգավաթների երրորդ խաղում հաղթողին որոշելու համար նշանակվեց լրացուցիչ ժամանակ։ Եթե առաջին դեպքում մեր թիմը պարտվեց լրացուցիչ ժամանակում կիպրոսյան «Օմոնիային», ապա հաջորդ երկու խաղերում Հայաստանի չեմպիոնը հասավ իր նպատակին։ Ու «Արարատ-Արմենիայի» հերոսը դարձավ կենտրոնական պաշտպան Սերգեյ Վակուլենկոն, որը և՛ «Ֆոլայի», և՛ «Ցելյեի» հետ խաղերում լրացուցիչ ժամանակում դարձավ հաղթական գոլի հեղինակ։
Այսպիսով մեկ շաբաթ անց, Երևանում խմբային փուլի ուղեգիրը հայկական թիմը կվիճարկի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ։