ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը. ՀՀ դատախազություն

ՀՀ դատախազությունը փաստաթղթեր է պատրաստում Գևորգյանի հետախուզման առնչությամբ ԱՄՆ–ի պատկան մարմիններին դիմելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերիի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը` ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Նա վստահեցրեց` Գևորգյանի ձերբակալումը Հայաստանում հարուցված քրգործի հետ կապ չունի։

«ՀՀ դատախազությունը պաշտոնապես տեղեկացվել է, որ Գևորգյանն ԱՄՆ-ում ձերբակալվել է ԱՄՆ օրենսդրության խախտման հետ կապված հանգամանքների շրջանակներում։ ՀՀ գլխավոր դատախազությունն արդեն իսկ նախապատրաստում է անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի ԱՄՆ համապատասխան մարմիններին դիմենք նրա հետախուզման շրջանակներում»,–ասաց նա։

Աբրահամյանի խոսքով` ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև բացակայում է քրգործերով անձանց հանձնման մասին երկկողմ միջազգային պայմանագիր, և որոշակի առանձնահատկություններ կան այս դեպքում գործընթացի կազմակերպման առումով։

Վլադիմիր Գասպարյանի դեմ քրգործով չարաշահումներ են բացահայտվել. նոր քրգործ է հարուցվել

Հիշեցնենք` ՀՀ դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ 5-րդ և 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թթ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի տվյալները։ Մասնավորապես, նա թաքցրել է 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած` Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդելի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած` Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Հրապարակման հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական կեղծիքը) և 310-րդ հոդվածի 1-ին մասով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հարուցվել է քրեական գործ: