ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Սահմանադրական դատարանի դատավոր, նախկին նախագահ Հրայր Թովմասյանը, դուրս գալով ՍԴ շենքից, լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքն էր առաջադրել դատավոր Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը նախագահի պաշտոնում։
«Խաչատրյանը ամենափորձառուն ու ավագն է բոլոր դատավորներից։ Ես նրա հետ չէի քննարկել իմ` նրան առաջադրելը։ Անակնկալ էր, որ բացարկ հայտնեց»,– ասաց Թովմասյանը։
ՍԴ նախկին նախագահը նաև պարզաբանեց, որ դատավորների նիստի ժամանակ հատ–հատ բացատրել է` ինչու չի առաջադրում մյուս դատավորների թեկնածությունները։
«Եթե մեկ թեկնածու մնա, ես չեմ մասնակցի քվեարկությանը, իմաստ չեմ տեսնում դրանում։ Իմ նպատակն է`ցանկացած եղանակով պայքարել, որ Հայաստանում սահմանադրականությունը վերականգնվի»,– նշեց ՍԴ նախկին նախագահը։
Լրագրողների հարցին` ինչու չի ինքնաառաջնորդվել, Թովմասյանը պատասխանեց, որ դրա համար բավականին անձնական և օբյեկտիվ պատճառներ կան։
«Ես ընտրված ՍԴ նախագահին չեմ նախանձում, ես հիմա գիշերը ժամը երեքին չեմ զարթնում, որոշում չեմ նայում։ Անգամ հանգիստ ժամանակ դա բարդ գործ է, ուր մնաց հիմա»,– եզրափակեց Թովմասյանը։
Մինուս մեկ. Արման Դիլանյանը ՍԴ նախագահ դառնալ չի ուզում
Նշենք, որ ՍԴ նիստը կշարունակվի վաղը՝ ժամը 10։30-ին։
Հիշեցնենք՝ ՍԴ նախագահ ընտրելու օրակարգով ՍԴ–ում նիստ է անցկացվում դեռ երեկվանից` սեպտեմբերի 23-ից։ Սահմանադրական դատարանի նախագահն ու փոխնախագահն ընտրվում են վեց տարի ժամկետով` առանց վերընտրվելու իրավունքի: