ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին 3 օր ուշացումով շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիոկլ Փաշինյանին Հայաստանի Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության կայքը։
Իրանի նախագահն իր ուղերձում ջերմորեն շնորհավորել է Փաշինյանին ՀՀ ազգային տոնի կապակցությամբ` մաղթելով վարչապետին քաջառողջություն, իսկ հայաստանցիներին` բարօրություն։
«Լիահույս եմ՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց սերտ և բարեկամական փոխհարաբերությունների լույսի ներքո մենք ականատեսը կլինենք երկու ժողովուրդների պայծառ և բարեկեցիկ ապագայի: Մեր երկու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները կարող են օրինակ ծառայել աշխարհի երկրների միջև կառուցողական և բարեկամական հարաբերություններ հաստատելու գործում», – ասված է Ռոհանիի ուղերձում։
Նշենք, որ 29 տարվա մեջ առաջին անգամ Իրանի կողմից Հայաստանի անկախության տոնին շնորհավորանք չստանալը շահարկումների թեմա էր դարձել ԶԼՄ–ում` հանգեցնելով հայ–իրանական հարաբերությունների վատթարացման մասին եզրահանգումների։
Իրանը առաջին երկրներից մեկն է եղել, որի հետ անկախ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 1992-ի փետրվարի 9-ին։ Այդ ժամանակից սկսած Հայաստանի և Իրանի միջև աստիճանաբար ձևավորվել և զարգացել է քաղաքական և տնտեսական բազմաշերտ համագործակցություն:
Հայաստանի պատասխա՞նն Ադրբեջանին. ԱԽ քարտուղարն ընդունել է Իրանի դեսպանին