Համաձայն ՊԵԿ–ի հաղորդագրության` օգոստոսին աշխատատեղերը հուլիսի համեմատ ավելացել են շուրջ 5 հազարով, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 202 հազար դրամ` նախորդ տարվա 188 հազար դրամի փոխարեն։
«Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տնտեսության որոշ ճյուղեր ակտիվացել են, չնայած տարեսկզբին ունեցանք շինարարության ոլորտի անկում, բայց հիմա այդ բնագավառում ակտիվ գործընթացներ կան։ Մյուս կողմից եկամտահարկի վերադարձելիության հնարավորությունը, որը տրված էր հիպոթեքային վարկավորման նպատակով, խթանել է շինարարությունը, շինարարական նյութերի արտադրությունը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։
Որն է Հայաստանում աշխատատեղերի արագ վերականգնման առաջին պայմանը
Գագիկ Մակարյանի տեղեկացմամբ` վերջապես պետական գնումների համակարգը նույնպես սկսեց որոշակիորեն ակտիվանալ հատկապես ենթակառուցվածքների ու ճանապարհաշինարարության ոլորտում, ինչն իր հերթին առաջացրեց մարդկանց աշխատանքներում ներգրավելու հնարավորություն։
«Երրորդ գործոնն առնչվում է վերամշակող արտադրությանը, որովհետև այս ամիսներին նշվաճ ճյուղը նույնպես ունեցել է զգալի դերակատարություն։ Հիմա պահածոյագործության ամենաակտիվ շրջանն է, որը կշարունակվի մինչև աշնան վերջ։ Նույնը վերաբերում է կոնյակի, գինու վերամշակող գործարաններին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք կարող են շատ քանակի խաղող չմթերել, այդուհանդերձ նրանց համար ակտիվ շրջան է։ Չմոռանանք նաև սրճարանների ու ռեստորանների վերաբացման հանգամանքը»,– նշում է Հայաստանի գործատուների միության նախագահը։
Գագիկ Մակարյանի գնահատմամբ` աշխատավարձերի ֆոնդն ավելացել է ոչ միայն այն պատճառով, որ գործատուներն ավելի շատ են վճարել։ Պատճառներից է նաև այն, որ տարբեր կազմակերպություններ, ձեռնարկություններ ստացան պետական միջոցառումների ծրագրերով նախատեսված գումարներ, որոնք նախատեսված էին հարկային պարտավորությունները կատարելու, բիզնեսը զարգացնելու և աշխատավարձեր վճարելու համար։
Ընդ որում `պետական սեկտորում շարունակվել են նաև պարգևատրումները։ Ըստ Մակարյանի`իրական պատկերը տեսանելի կլինի աշնան վերջին, երբ ավարտվեն սեզոնային աշխատանքները, և արդեն պարզ կդառնա, թե ինչպիսի իրական տնտեսական ներուժ ունի Հայաստանը` աշխատատեղերը պահպանելու տեսանկյունից։