Բաքուն Լավրովի անունից սկանդալային հայտարարություն է արել. Երևանի մեկնաբանությունը

Ադրբեջանի հաղորդագրության մեջ հայտնվել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին վերագրվող արտահայտություններ, որոնք բացակայում են ռուսական կողմի հաղորդագրության մեջ: Sputnik Արմենիան ներկայացնում է նաև թեմայի առնչությամբ ՀՀ ԱԳՆ–ի պատասխանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի — Sputnik. Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները տեղեկատվության հուսալի աղբյուր չեն: Sputnik Արմենիայի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարության ադրբեջանական տարբերակը, այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ նախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանը պետք է հրաժարվի ռազմական շանտաժի քաղաքականությունից. Արցախի ԱԳՆ-ն՝ Ալիևին

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունը՝ Միլի մեջլիսի նախագահ Սահիբ Գաֆարովի գլխավորությամբ, հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում Լավրովն իբր ասել է, թե «Լեռնային Ղարաբաղի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները խոչընդոտում են հիմնախնդրի կարգավորման գործընթացին»:

«Դա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է: Ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս հօգուտ «օկուպացված 5 շրջանների» վերադարձի, շփման գծում խաղաղապահների տեղակայման և տրանսպորտային կապի վերականգնման»,- ըստ ադրբեջանական վարկածի, ասել է Լավրովը:

Նախապայման դնում է Ադրբեջանը. Փաշինյանն արձագանքել է համանախագահների առաջարկին

ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը, սակայն, Sputnik Արմենիային հայտնեց, որ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրություններն իրենք տեղեկատվության հուսալի աղբյուր չեն համարում:

«Մենք ծանոթացել ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությանը»,- ասաց Նաղդալյանը:

Ռուսաստանի ԱԳՆ–ի պաշտոնական կայքում, ի դեպ, հաղորդագրության կա Լավրովի՝ ադրբեջանցի խորհրդարանականների հետ հանդիպման մասին, բայց որևէ հիշատակում չկա ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ «օկուպացված» տարածքների վերադարձի մասին:

Հայաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի տարածած հայտարարությունը

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերություններին վերաբերող քաղաքական, տնտեսական, հումանիտար բնագավառների արդիական խնդիրներ, ինչպես նաև միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ միջխորհրդրանական փոխգործակցության շրջանակին վերաբերող հարցեր:

«Կողմերի ուշադրության կենտրոնում է եղել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրը, այդ թվում՝ ԼՂ խնդրի կարգավորման ներկա վիճակն ու հեռանկարները»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ադրբեջանական ԶԼՄ–ները փորձել են Շահումյանի հայկական եկեղեցին ներկայացնել որպես ալբանական

Նշվում է նաև, որ հանդիպումն անցել է ավանդական բարեկամական մթնոլորտում ու թույլ է տվել ամրապնդել ռուս-ադրբեջանական զարգացող հարաբերությունները:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունում Սերգեյ Լավրովին վերագրված հայտարարությունները չկան նաև ՌԴ ԱԳՆ տարածած 6 րոպեանոց տեսանյութում:

Նշենք, որ Լավրովի հայտարարությունների տարատեսակ մեկնաբանությունների հարցով Sputnik Արմենիան դիմել է նաև ՌԴ ԱԳՆ՝ պարզաբանում ստանալու համար: