ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. France Presse–ի հաղորդմամբ՝ հազարավոր բեյրութահայեր, որոնք ծնվել և մեծացել են Լիբանանում, ուզում են վերականգնել իրենց տները սարսափելի պայթյունից հետո։
Նրանցից մեկը` ֆրանսերենի ուսուցչուհի, հիմա արդեն թոշակառու Վանի Բանդիկյանն է։ Նա ապրում է հայրական տանը, որն ունի սպիտակ սյունաշարերով և երկաթակուռ ճաղավանդակներով պատշգամբներ։ Այն կառուցել են դեռևս 30-ականներին, իսկ վերականգնման աշխատանքներով զբաղվելու է հայկական ասոցիացիաներից մեկը։
«Ես ոչ մի դեպքում չեմ լքի այս տունը։ Այստեղ քարերն էլ են հետս խոսում։ Շատերն են ինձ զանգել և ասել. «Տեղափոխվիր մեզ մոտ ապրելու»։ Միայն թե ես չեմ կարող, ինչպե՞ս տունն անտեր թողնեմ»,– ասում է նա։
58 տարի դասավանդելուց հետո Բանդիկյանն այս տարի թոշակի է անցել։ Ուզում էր շրջագայել աշխարհով մեկ և վաստակած հանգիստը վայելեր, սակայն պայթյունն ամեն ինչ գլխիվայր շուռ տվեց։
Լիբանանում մոտ 140 հազար հայ է ապրում, նրանց մեծ մասը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղածների սերունդներն են։ Այստեղ նրանք հիմնել են Հայկազյան համալսարանը և դպրոցներ։
Բեյրութում հայերը հիմնականում բնակվում են Բուրջ Համուդ թաղամասում, ինչպես նաև ողբերգությունից առավել տուժած քրիստոնյա արաբների` Գեյտաուի, Գեմմայզե, Մար Միքայել (սուրբ Միքայել) թաղամասերում։
Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ
«Վնասները մեծ են, մենք ինքնուրույն չէինք կարող վերականգնել»,– անկեղծանում է նախկին ուսուցչուհին։
90-ամյա Պերճուհի Կասպարյանը նույնպես չի պատրաստվում լքել Լիբանանը նույնիսկ այն պարագայում, երբ իր երեք երեխաներն արտերկրում են ապրում։ Նրա մասին հոգ է տանում հարևանուհին, որը ևս երիտասարդ չէ։
«Սա էլ կանցնի, ցանկացած երկրում էլ դժվարություններ կան»,– նշում է տարեց կին։ Ճաշասենյակում կախած ընտանեկան լուսանկարից նրան են նայում հարազատները, իսկ սեղանին և դարակներում ծակոտկեն թաշկինակներ են դրված, որոնք տիկին Պերճուհու ձեռքի աշխատանքներն են։
Ցավոք, պայթյունը նրան էլ է վնասել։ Բերանում սպի է առաջացել. պայթյունի ժամանակ խոհանոցում է եղել, որտեղ նրա վրա սպասք է շուռ եկել։
«Ես տխուր եմ Բեյրութի երիտասարդների համար։ Նրանք կորցրին իրենց ապագան, իրենց կյանքը», – ցավով ասում է նա։
Լիբանանահայերն իրենց տները կառուցում են, ինչպես կարող են։ Որոշ չափով նաև իշխանությունն է օգնում, սակայն տեղի բնակիչները հույսը դնում են փոխօգնության վրա։ Մասնավոր բարերարը, որը չցանկացավ ներկայանալ, հոգացել է ծերանոցի վերանորոգման ծախսերը, որի համար ավելի քան 20 հազար դոլար է հատկացրել։ Բացի այդ, բարերարը սննդով է ապահովել այստեղ բնակվող 119 թոշակառուներին։
Շուրջբոլորը գայլիկոնի ու մուրճերի հարվածի ձայներ են լսվում. քաղաքը վերակառուցում են։ Լիբանանում Հայկական բարեգործական ընդհանուր միության ծրագրերի ղեկավար Արին Ղազարյանի խոսքով՝ աշխատանքների մի մասը ստանձնել է միությունը, որն արդեն մոտ 100 բնակարան է վերականգնել, ևս 80-ը վերանորոգում են ։ Նպատակ ունեն մոտ 600 տուն վերականգնել, ընդ որում՝ ոչ միայն հայերի, այլև բազմազգ Բեյրութում պայթյունից տուժած այլազգիների համար։ Միությունը շաբաթական 1 500 չափաբաժին (դարձյալ ոչ միայն հայերի համար) տաք ճաշ է բաժանում։
Նրանց օրվա հացը կախված է «Մայրիկից». լիբանանահայ Ալինը վերածնում է կյանքը
Այցելում ենք նաև Մար Միքայել թաղամասում բնակվող 58-ամյա Տիգրան Գեզուբեյուկյանին։ Նա ցույց է տալիս իր տունը, որտեղ կորցրել է կնոջը` Լիզային, և մնացել երկու երեխաների հետ։ Նա ևս շարունակելու է Բեյրութում ապրել։
«Մենք պարտավոր ենք այստեղ մնալ։ Ո՞ւր պիտի գնանք»,– հակիրճ պատասխանում է տղամարդը։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պահվող ամոնիումի սելիտրայի պայթյունի հետևանքով շուրջ 200 մարդ զոհվեց, ավելի քան 6 հազարը վնասվածքներ ստացան։ Ողբերգական պայթյունից տուժած քաղաքում ակտիվ վերականգնողական աշխատանքներ են ընթանում։