Դիվանագիտական սկանդալ․ Բաքվում խմբագրել են Արցախի վերաբերյալ հաղորդագրությունը

Միլի Մեջլսի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության հեղինակները հիմնովին փոխել են հայտարարության տեքստը` դրանից հանելով արտահայտություններ, որոնք դիվանագիտական սկանդալի պատճառ են դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությունից հետո, որ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը սխալ են մեկնաբանվել, Ադրբեջանի խորհրդարանի մամուլի ծառայությունը փոխել է հաղորդագրության տեքստը։

Դիվանագիտական սկանդալ․ Բաքվում խմբագրել են Արցախի վերաբերյալ հաղորդագրությունը
Դիվանագիտական սկանդալ․ Բաքվում խմբագրել են Արցախի վերաբերյալ հաղորդագրությունը

Սեպտեմբերի 23-ին Միլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում ունեցավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպման արդյունքում Ադրբեջանի խորհրդարանի կայքում տեղեկություն հայտնվեց, թե իբր ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը` կապված ԼՂՀ–ի հետ, խոչընդոտում են հակամարտության կարգավորման գործընթացը»։

Ադրբեջանցիները սպառնացել են Բուրգ լե Վալանսի քաղաքապետին և պահանջել հանել Արցախի դրոշը

Մամուլի հաղորդագրության մեջ նաև այսպիսի մի արտահայտություն կար, որը վերագրվել էր Լավրովին. «Սա պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումն է։ Ռուսական կողմը կարգավորման գործընթացում հանդես է գալիս 5 «օկուպացված» շրջանները վերադարձնելու, տարածքում խաղաղապահներին տեղակայելու և տրանսպորտային հաղորդակցման համակարգը վերականգնելու օգտին»։

Պատասխանելով Sputnik–ի հարցին՝ Զախարովան ընդգծել էր, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցի առնչությամբ քաջ հայտնի է։ Նա խնդրել էր այսուհետ կողմնորոշվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե «տարատեսակ մեկնաբանություններով, որոնք արվում են ոչ ռուսական կողմից»։

Ինչ վերաբերում է ԼՂՀ հակամարտության կարգավորմանը, ապա այսօր ադրբեջանական կողմի հետ Լավրովի հանդիպման ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հակամարտության կարգավորման` նախկինում հնչած հիմնական սկզբունքները, «որոնք ենթադրում են ԼՂՀ կարգավիճակի հարցի լուծում, ինչպես նաև դրա շուրջ գտնվող տարածքների ազատում»։

Եվ ահա դիվանագիտական սկանդալից հետո Ադրբեջանի խորհրդարանի կայքում հրապարակված հաղորդագրության տեքստը խմբագրվել է, մեջբերումը գլխիվայր փոփոխվել, իսկ Նիկոլ Փաշինյանի մասին հիշատակումը, «օկուպացված 5 տարածքների վերադարձի» և «խաղաղապահների տեղակայման» մասին խոսքերն անհետացել ։

«Սերգեյ Լավրովը ԼՂՀ հակամարտության առնչությամբ հայտարարել էր, որ Ռուսաստանը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ աջակցում է խնդրի լուծմանն ու ջանք չի խնայում այս ոլորտում։ Ռուսաստանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»,– նշված է փոփոխված տարբերակում։

Բացի այդ, այս մեջբերումից առաջ երկու նախադասություն է հայտնվել Գաֆարովային վերագրվող, որոնք չկային նախորդ տարբերակում։ Ահա դրանք. «Ցանկացած դեպքում Ադրբեջանը կազատի իր հողերը բռնազավթումից։ Ադրբեջանցի ժողովուրդը երբեք թույլ չի տա իր տարածքում երկրորդ հայկական պետություն ստեղծել»։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ–ից Sputnik Արմենիային հայտնել էին, որ ադրբեջանական հաղորդագրությունները տեղեկատվության հուսալի աղբյուր չեն։