Թորոսյանը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է պատվաստանյութերի կիրառման հնարավորությունը

Արսեն Թորոսյանը կորոնավիրուսային իրավիճակի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Տյան Էռլոնի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էռլոնի հետ քննարկել է կորոնավիրուսի դեմ մշակվող չինական պատվաստանյութերի կիրառման հնարավորությունը։ Տեղեկությունը հայտնում է առողջապահության նախարարությունը` նշելով, որ Թորոսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպանի հետ։

«Թորոսյանը երախտագիտություն է հայտնել դեսպանին` շեշտելով նրա անձնական ջանքերը` աջակցության ու փոխգործակցության ծրագրերի իրագործման ուղղությամբ: Արսեն Թորոսյանը հատկապես ընդգծել է Չինաստանի տրամադրած նյութատեխնիկական, մասնագիտական-խորհրդատվական օգնության կարևորությունը COVID-19 դեմ դժվարին պայքարի ընթացքում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Թորոսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել նաև Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ։

Հիշեցնենք, որ այժմ ամենից շատ շրջանառվում են մի քանի պատվաստանյութերի անուններ` ռուսական «Սպուտնիկ V»–ն և ամերիկյան «Մոդեռնան», անգլիական «ԱստրաԶենեկան», ինչպես նաև մի քանի չինական պատվաստանյութեր։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր` Հայաստանը պատվաստանյութերի փնտրտուքների մեջ է, բանակցություններ են վարում առանձին արտադրողների, միջազգային կառույցների և երկրների հետ։