«Այս անիմաստ դատը բավական երկար է տևելու». Քոչարյանը դատից առաջ խոսեց աջակիցների հետ

ՀՀ Երկրորդ նախագահն իր աջակիցներին խնդրեց չմնալ դատարանի մոտ, այլ գնալ տուն։ Աջակիցները նրան ճանապարհեցին «Հաղ–թա–նակ» վանկարկումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Դատական նիստից առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մոտեցավ Շենգավիթի դատարանի բակում հավաքված իր աջակիցներին։

Օրացույց առանց երեքշաբթիների․ Քոչարյանն անհեթեթ է համարում իր հասցեին հնչած մեղադրանքները

Քոչարյանը շնորհակալություն հայտնեց նրանց` դատավարության ընթացքում իրեն ուժ ու տոկունություն հաղորդելու համար։

«Բայց նաև պիտի ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տևելու` ոչ միայն այսօր, այլև ընդհանրապես։ Ես արդեն ասել եմ, որ իմ օրացույցից երեքշաբթի օրերը ջնջել եմ, չէի ցանկանա, որ ձերն էլ այդպես լինի»,– ասաց նա` իր աջակիցներին խնդրելով չմնալ դատարանի մոտ, այլ գնալ տուն։

Դատարանի բակում հավաքված մարդկանց հետ զրույցից հետո Քոչարյանը մտավ դատարանի շենք։ Աջակիցները նրան ճանապարհեցին «Հաղ–թա– նակ» վանկարկումներով։

Ռոբերտ Քոչարյանի գույքի մի մասն ազատվեց կալանքից

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահը մասնակցում է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ քրեական գործի դատաքննությանը:

Նրա դեմ քրեական հետապնդումը սկսվել է 2018-ին Հայաստանում իշխանափոխությունից հետո։ Այդ ժամանակ էլ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր քաղաքականություն վերադառնալու մասին։ ՀՀ երկրորդ նախագահին երեք անգամ կալանավորել են։ Կալանավայրում նա ընդհանուր առմամբ 500 օր է անցկացրել։

2020 թվականի հունիսին Վերաքննիչ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։

Քոչարյանը բազմիցս հայտարարել է, որ իր դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ շինծու է և իրենից ներկայացնում է ոչ այլ ինչ, քան քաղաքական հետապնդում։

Քոչարյանի փաստաբանն ասաց` ինչու պետք է Վճռաբեկ դատարանը մերժի գլխավոր դատախազի բողոքը