Կարմիր խաչի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել սպա Գուրգեն Ալավերդյանին. մանրամասներ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի 22, Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին հաջողվել է այցելել Ադրբեջանում գտնվող հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

«Պապան ե՞րբ կգա». Ադրբեջանում հայտնված սպայի ընտանիքում չգիտեն` ինչ պատասխանեն երեխաներին

«Առաջին անգամ ԿՄԽԿ ներկայացուցիչներն այցելեցին Գուրգեն Ալավերդյանին։ Բացի այդ, այցեր են եղել նաև Ադրբեջանում ձերբակալված մյուս ՀՀ քաղաքացիներին»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցի ժամանակ ստուգել են նրանց պահման պայմանները, տեղեկացել առողջական վիճակի մասին, հնարավորություն ընձեռել կապ հաստատել ընտանիքների հետ։

Ամատունու խոսքով` Ալավերդյանից բացի, մյուսներին այցելել էին նաև կորոնավիրուսի օրերին։

Ադրբեջանցի զինվորականների պահվածքը Գուրգեն Ալավերդյանի իրավունքների կոպիտ խախտում է․ ՄԻՊ

Ի դեպ, Ադրբեջանում պահվում են Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը, զինծառայող Արայիկ Ղազարյանը, Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը, սպա Գուրգեն Ալավերդյանն ու Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը:

Դժբախտաբար, բարեկամի մոտ չէ. Խնձորեսկում վարչապետին մոտեցավ գերի ընկած 30-ամյա Նարեկի կինը

Նրանցից Գուրգեն Ալավերդյանը, ՊՆ տվյալներով, օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմանում, մարտական հենակետը ստուգելու ժամանակ մոլորվել էր ու հայտնվել էր Ադրբեջանի տարածքում։  Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել էր, թե Ադրբեջանի ԶՈւ–ն գերի է վերցրել «դիվերսանտի»։

Դեպքից շուրջ մեկ ամիս անց` սեպտեմբերի 15-ին, դատախազությունը հայտնեց, որ  Ադրբեջանում հայտնված սպա Գուրգեն Ալավերդյանի դեպքով քրեական գործ է հարուցվել` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ):