Ինչով է զբաղված ՀՀ ԱԱԾ–ն. ԲՀԿ–ն հիշեցնում է` ով է կանգնած ռուսական «Դոսյեի» հետևում

Ռուսական «Դոսյե» հետազոտական կենտրոնի` Հայաստանում մեծ աղմուկ հանած հոդվածում նշվում էր, որ Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ԱԺ–ում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն անդրադարձան ռուսական «Դոսյե» կենտրոնի վերջին հրապարակմանը, որի համաձայն` ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարներից ոմանք ռուսական գործակալներ են եղել։

«Պետք է հասկանանք՝ ով է իրեն թույլ տվել ընդդեմ ՀՀ-ի շպիոնաժով զբաղվել». Ալեն Սիմոնյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը լրագրողների հարցերին ի պատասխան ասաց. «Եթե ՀՀ ԱԱԾ–ն այն նույն ջանասիրությամբ, որով զբաղվում է քաղաքական դաշտի ներկայացուցիչների, ընդդիմախոսների գաղտնալսմամբ, զբաղվեր արտաքին վտանգների կանխարգելմամբ ու բացահայտմամբ, մենք այս խնդիրը չէինք ունենա»։

Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հիշեցրեց, որ «Դոսյե» կայքը պատկանում է ռուսաստանյան ընդդիմադիր գործիչ Միխայիլ Խոդորկովսկուն։

«Մենք գիտենք, որ Խոդորկովսկին իր ընդդիմադիր կեցվածքով հայտնի ռուս քաղաքական գործիչ է և առհասարակ, այն տեղեկությունները, որ հայտնվում են «Դոսյե»–ում ավելի շատ հարցեր են առաջացնում, քանի պատասխաններ են տալիս»,– ասաց պատգամավորը։

Հիշեցնենք` ռուսական «Դոսյե» հետազոտական կենտրոնի` Հայաստանում մեծ աղմուկ հանած հոդվածում գրված էր, թե Կրեմլը Հայաստանի բոլոր բարձրաստիճան կառույցներում գործակալներ է ունեցել։ Այդ թվում շրջանառվում էին ԱԱԾ նախկին տնօրենների` Գեորգի Կուտոյանի և Արթուր Վանեցյանի անունները։

Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի, որ իր օրոք գաղտնալսումներ են եղել. Քյարամյան

Ըստ «Դոսյեի», օրինակ, Վանեցյանին հաճախ են տեսնում Մոսկվայում` ազդեցիկ գործարարների ընկերակցությամբ:

Նշենք, որ ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը սեպտեմբերի 21-ին,Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունը ռուսական «Դոսյե» կենտրոնի հրապարակած զեկույցի հիման վրա արդեն իսկ հետազոտություն է սկսել։