Ի՞նչ է փոխվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում. Փաշինյանը թվեր է ներկայացրել

Բարձր տեխնոլոգիաների ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում զգալի աճել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում աշխատողների քանակը 2020 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, աճել է 13%-ով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աշխատատեղերի քանակը հասել է 16 442-ի` նախորդ տարվա 14 533-ի փոխարեն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է նա։

Ըստ Փաշինյանի` ոլորտի շրջանառությունն այս կիսամյակում աճել է 24%-ով` 142 մլն դոլարից հասնելով 176 մլն դոլարի, իսկ ոլորտում ակտիվ կազմակերպությունների քանակն աճել է 11%-ով՝ 1007-ից հասնելով 1118-ի:

Հիշեցնենք, որ երեկ` սեպտեմբերի 21-ին, Փաշինյանն Անկախության օրվա կապակցությամբ ներկայացրել էր Հայաստանի՝ մինչև 2050 թ. վերափոխման ռազմավարությունը։

Ռազմավարությունը ենթադրում է, որ Հայաստանը կդառնա բարձր տեխնոլոգիական արդյունաբերական երկիր։ Նախատեսվում է ունենալ մինչև 10 մլրդ և ավելի արժեքով առնվազն 5 տեխնոլոգիական ընկերություն և առնվազն 10 000 աշխատող ստարտափ։