Առանց ՀՀԿ-ի Հայաստանում դժվար է պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես. Աշոտյան

Աշոտյանը քննադատեց գործող իշխանությունը` Փաշինյանին մեղադրելով ոչ մի խոստում կյանքի չկոչելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ընդդիմությունը միավորվելու է, բայց դա չի լինելու արհեստական միավորում։

«Այդ միավորումը լինելու է բնական գործընթաց, որի հիմքում ընկած է լինելու ոչ միայն մեր կողմից առաջ քաշած «Հայաստանն առանց Նիկոլի» կարգախոսը, այլև լինելու է երկրորդ կարգախոսը. «Հայաստանը Նիկոլից հետո»:

«Այդ մոնստրը ի սկզբանե մեռելածին էր». Աշոտյանը շնորհակալ է Նիկոլ Փաշինյանին

Նրա խոսքով` իշխանություն վերցնելը մի «այիբ» է, իշխանությունից զրկվել` երկու։

«Նիկոլ Փաշինյանի օրինակով մենք տեսնում ենք, որ նա իշխանությունը վերցրեց, բայց այդ մեքենան վարել չի կարողանում։ Նիկոլի դեպքում կառավարելը 2–րդ «այիբն է»»,-վստահ է ՀՀԿ փոխնախագահը։

Որպես իր խոսքերի  ապացույց նա մատնանշեց երեկ` Անկախության օրը ՀՀ վարչապետի ներկայացրած մինչև 2050թ.–ի տեսլականը, որին ըստ նրա, «ոչ ոք չհավատաց, և որը ծիծաղի առարկա դարձավ։

Անդրադառնալով մինչև 2050 թվականի ռազմավարությանը` Աշոտյանն ասաց, որ Փաշինյանի ոչ մի խոստում կյանքի չի կոչվել առ այսօր։ «Եթե նա կարճաժամկետ նպատակներ չի կարողանում կյանքի կոչել, ինչպե՞ս է կյանքի կոչելու երկարաժամկետները։ Մեգաստախոսը խոսում էր մեգա նպատակների մասին: Նիկոլ Փաշինյանը հանրային ընկալման մեջ այն մարդը չէ, որ ստեղծել է տպավորություն, թե ունի բավարար գիտելիքներ, որ կարողանա տալ երկրի տեսլական, որևէ մեկը այդ թեզերը լուրջ ընդունել չի կարող»,–կարծում է Աշոտյանը։

Նրա խոսքով` տեսլականը բանաձևելու համար պետք է ունենալ գիտելիքների պաշար։ Երկրին իհարկե  պետք է տեսլական, ու Աշոտյանն ընդգծում է, որ Փաշինյանը կարող է մասնակցել դրա ստեղծմանը, բայց տեսլականի «դիրիժորն ու կնքահայրը չի կարող լինել»։

«Գործընթացը բացառապես քաղաքական է, ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա». Աշոտյանին կրկին հարցաքննել են

Անդրադառնալով ԲՀԿ, ՀՅԴ ու «Հայրենիքը» կուսակցությունների համատեղ հանրահավաքին` Աշոտյանն ասաց, որ առանց ՀՀԿ-ի գործուն մասնակցության դժվար է լինելու Հայաստանում պատկերացնել լրջագույն քաղաքական պրոցես, որը կբերի իշխանափոխության: «Եթե որևէ ուժի մոտ դա կստացվի, ես ոտքի կարող եմ ոտքի կանգնել ու ծափահարել»:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության անկախության 29–րդ տարեդարձին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ մինչև 2050 թ.–ի ռազմավարությունը, որտեղ մատնանշվել է, թե ինչ նշաձող է սահմանված բոլոր ոլորտներում մինչև այդ թվականը հասնելու համար։