Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով. տեսանյութ

Վրաստանը Հայաստանի պատվին արդեն երրորդ անգամ է եռագույն «ներկում» Թբիլիսիի հեռուստաաշտարակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Երրորդ տարին անընդմեջ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Վրաստանի դեսպանությունը։

Նախաձեռնության հեղինակը հենց դեսպանությունն է, որը Facebook-ում հրապարակել է եռագույն դարձած հեռուստաաշտարակի լուսանկարներն ու տեսանյութը։

Հիշեցնենք` Հայաստանում այսօր տոն է, ՀՀ քաղաքացիները նշում են երկրի անկախության 29-ամյակը։

1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն: Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: