ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն այսօր ընդունած հռչակագրում սեպտեմբերի 21-ը Վաշինգտոնում «Հայաստանի Անկախության օր» է հայտարարել: Տեղեկությունը հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատնից։
Հռչակագրում նշված է, որ այսօր ոչ միայն Հայաստանի Հանրապետության Անկախության օրն է, այլև ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների հաստատման 100-ամյակը:
Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունն այսօր էլ շարունակում է ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը:
Իսկ Վաշինգտոնում գտնվող Հայաստանի դեսպանատունը, Մյուրիել Բաուզերի դիտարկմամբ, նպաստում է մշակույթների բազմազանությանն ու ամերիկացի ուսանողների գիտելիքների հարստացմանը:
Հռչակագրի վերջին մասում Բաուզերը Հայաստանի դեսպանատան աշխատողներին շնորհավորել է Անկախության տոնի առիթով և հույս հայտնել, որ կշարունակվի դեսպանատան և Կոլումբիայի շրջանի միջև համագործակցությունը:
«Շնորհավոր Անկախության օրը». Հենրիխ Մխիթարյանը շնորհավորական բացիկ է հրապարակել
Հավելենք, որ այսօր նշվում է Հայաստանի Հանրապետության անկախության 29-ամյակը։