ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր մասնակցում է Հայաստանի անկախության տոնակատարությունների շրջանակներում Զվարթնոցի տաճարում անցկացվող «Մեր ժամանակի հերոսը» ՀՀ վարչապետի երկրորդ մրցանակաբաշխությանը։
Թանդիլյանն օգոստոսի 14–ին հայտարարել էր, որ առողջական խնդիրների պատճառով վայր է դնում պատգամավորական մանդատը։
Մանե Թանդիլյանին է վերապահվել մրցանակներից մեկը հանձնելու պատիվը:
«Ես չգիտեմ՝ ինչու եմ արժանացել այդ մեծ պատվին՝ մրցանակ շնորհելու: Բայց ես գիտեմ՝ ինչու են այս հերոսներն արժանացել, որ իրենց մրցանակ շնորհեն: Որովհետև նրանք չեն հիասթափվել, չեն զիջել, նրանք գնացել են իրենց երազանքի հետևից, և այդ ճանապարհը նրանց դարձրել է մեր ժամանակների հերոս»,- իր ելույթում ասաց նա:
Նախկին պատգամավորը մրցանակ հանձնեց Բաբկեն և Դավիթ Խաչատրյան եղբայրներին, որոնք Գյումրիում հիմնադրել են ձեռակերտ, փայտե շրջանակներով ակնոցների արտադրություն:
«Իրականում, որպեսզի այս ակնոցները ձեռք բերեմ, ես հասել եմ Գյումրի»,- ասաց Թանդիլյանը:
Հիշեցնենք՝ մեր ժամանակների հերոսների դերում ՀՀ հասարակ քաղաքացիներ են, ովքեր քաջություն են ունեցել սեփական նախաձեռնությամբ փոխելու իրենց ու շրջապատի մարդկանց կյանքը։ Վարչապետի կողմից բարձր գնահատականի արժանանալով` նրանք պետք է նաև օրինակ լինեն մյուսների համար։
Մնացած 12` արդեն ավանդական դարձած մրցանակները, ինչպես և անցյալ տարի, հանձնվեցին իրենց գործարար գաղափարներն իրագործած ու որոշակի հաջողությունների հասած սկսնակ գործարարներին:
Վարչապետի սահմանած մրցանակներին այս տարի արժանացան Եղեգնաձորում «Մոշ ստուդիոյի» հիմնադիր Արմինե Աղաջանյանը, հեռավոր գյուղերի անասնապահներին զօրուգիշեր օգնության հասնող անասնաբույժ Սուրեն Վարդանյանը, արծաթագործներ Անի Սարգսյանն ու Նարինե Եղոյանը, կիսաֆաբրիկատների արտադրությամբ զբաղվող «Լուսիա ֆուդ» ընկերության հիմնադիր Լուսինե Բարաթյանն ու նրա որդին՝ Ռաֆայելը, «ԱՍՊ» հեծյալ ակումբի հիմնադիր Տիգրան Բաղիրջանյանը, Գորիսում եռաչափ տպիչների արտադրությամբ զբաղվող Արթուր Խոջաբաղյանը, դիզայներ կոշկակար Հայկ Անանյանը, խխունջաբույծ Վահե Հախվերդյանը, մեղվաբույծ Կառլեն Ճաղարյանը, Սիրիայից Հայաստան ներգաղթած հրուշակագործ ամուսիններ Յոլանտ Հատտատն ու Րաֆֆի Ռշտունին, ռոբոտագործ Կարեն Խաչատրյանը (վերջինս հիվանդանոցային մանկական բաժանմունքում երեխաների համար ստեղծված «Ռոբին» ռոբոտի ստեղծողն է): Փայտե մատանիներ, խաղալիքներ և մոմակալներ. ինչպես է գյումրեցին ներկայացնում հայրենի քաղաքը
Մրցանակները մրցանակակիրներին հանձնեցին նախորդ տարվա մրցանակակիրները, հաջողությունների հասած այլ գործարարներ, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Տավուշի թեմի առաջնորդ Բարգատ եպիսկոպոս Գալստանյանը, ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Մրցանակաբաշխությանը ներկա են ՀՀ վարչապետը, ՆՍՕՏՏ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, քաղաքական ու մշակութային գործիչներ:
Արմեն Սարգսյանի շարադրությունը և Հայկ Մարությանի մանկությունը. անկեղծանում են պաշտոնյաները