«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում թունավորվածների թիվն ավելացել է ու հասել 50-ի

Թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել մի քանի աշխատակիցների ու հիվանդների մոտ: Հիվանդանոցին սպասարկող «Արտ լանչի» սեփականատերը կարծում է, որ խնդիրը կարող է կապված լինել մատակարար ընկերության հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնում թունավորվածների թիվը հասել է 50–ի։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեց ԲԿ–ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բուժկենտրոնի աշխատակիցների ու պացիենտների մոտ (ընդհանուր թիվը` 33 հոգի) սննդային թունավորման ախտանշաններ են ի հայտ եկել։

«Նրանցից 8–ը պացիենտներ են, իսկ մնացածը` բուժաշխատողներ։ Բոլորի վիճակն այս պահին լավ է»,– ասաց Խաչատրյանը։

Նա չբացառեց, որ մարդիկ թունավորվել են ԲԿ-ի տարածքում գործող «Արտ լանչ» ցանցի ճաշարանի սննդից։

Սննդի անվտանգության տեսչական մարմնից Spuntik Արմենիային հայտնեցին, որ տեսուչներն ահազանգով այցելել են հիվանդանոցի ճաշարան։

121 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 47552

«Ոչ աշխատանքային օրը մենք լիազորված չենք տեսչական ստուգում անցկացնելու։ Սակայն մեր տեսուչները զննել են սպասարկման սրահն ու խոհանոցը և որևէ արտառոց, անհապաղ շտկում պահանջող խախտումներ չեն հայտնաբերել»,– ասաց Սննդի տեսչության մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։

Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման ազգային կենտրոնը ճաշատեսակների և աղցանների նմուշներ է վերցրել, որոնք կենթարկի փորձաքննության։ Արդյունքները հայտնի կլինեն առաջիկայում ու կտրամադրվեն նաև Սննդի տեսչությանը։

«Արտ լանչ» ճաշարանների ցանցի տնօրեն, համահիմնադիր Բակուր Մելքոնյանն էլ թեմային անդրադարձել է Facebook–ում։

«Ես պատրաստ եմ կրել ցանկացած պատասխանատվություն, եթե կատարել եմ որևէ օրենքի խախտում կամ մախինացիա: Բայց ուզում եմ, որ չլինի տարիներ առաջ կատարվածի նման, երբ օրեր անց պարզվեց, որ մեղավորը «Արտ լանչը» չէր, այլ մատակարար մի կազմակերպություն, բայց դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում: Լինենք պրոֆեսիոնալ, սպասենք արդյունքներին»,– գրել է նա:
Մելքոնյանը նշել է նաև, որ մի քանի պրոֆեսիոնալ բժիշկ մասնագետների հետ զրույցից հասկացել է, որ թունավորում չկա, այլ եղել է աղեստամոքսային խանգարում: