Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ նախագահի` ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանին ուղղված ուղերձում նշվում է, որ հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական։ ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում ասել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

«ՀՀ անկախության ձեռքբերմանը հաջորդած 29 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները եղել է հայ ժողովրդի կողքին ու աջակցել է ժամանակակից ժողովրդավարության կառուցմանը և տնտեսական զարգացմանն ուղղված Ձեր ջանքերին: Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունն ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Հայաստանի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում»,–նշված է Թրամփի ուղերձում, որը հրապարակել է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

ԱՄՆ նախագահի խոսքով` այսօրվա մարտահրավերները մեկ անգամ ևս վերահաստատում են երկու երկրների գործընկերության կարևորությունը: Ըստ նրա` հայ և ամերիկացի ժողովուրդների միջև կապերն անհերքելիորեն ամուր են ու տևական՝ լինի միասնաբար նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակին դիմակայելիս, թե Աֆղանստանի կամ Կոսովոյի միջազգային խաղաղապահ գործողություններում կողք կողքի ծառայելիս:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Փաշինյանին մաղթելով ամենայն բարիք, նշել է, որ անհամբերությամբ սպասում է բարեկամության ամրապնդմանն առաջիկա տարվա ընթացքում։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: