«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Արևելյան Հայաստանի սահմանին մոտ թուրքահպատակ բնակավայրերում շատ հայեր չեն ապրում։ Թուրքական իշխանությունը նրանց միտումնավոր հեռացրել է՝ փոխարենը բերելով քրդերի և ադրբեջանցիների։ Համեմատաբար շատ հայեր կան սահմանից 56կմ հեռու ընկած Բայազետում ու շրջակա բնակավայրերում։
Sputnik

1805-1812 թվականների ռուս թուրքական պատերազմի ժամանակ Բայազետում կար 1735 հայի և 310 տուն մահմեդականների ընտանիք: 1909 թվականին պատմական Բայազետում 1000 տուն կար, որից 350–ը հայերի ընտանիքներ էին: Ցեղասպանության ժամանակ նրանք ևս ենթարկվեցին կոտորածի ու բռնագաղթի։

«Քիչ մե գիդինք հայերեն»․ ժամանակակից Թուրքիայի կենտրոնում թաքնված հայերի ուրույն աշխարհը

Մի մասը, սակայն, կարողացավ առերես կրոնափոխության կամ թուրք ու քուրդ հարևանների հետ բարեկամության շնորհիվ փրկվել։

2017-ին Բայազետում փաստագրական ֆիլմի նկարահանման ժամանակ ծանոթացա տեղացի հայերից մեկի հետ։ 30-ամյա երիտասարդին շատերն էին ճանաչում։ Հաշվապահի մասնագիտությամբ Ֆերդին ուրախությամբ միացավ մեր խմբին՝ օգնելու հասնել տեսարժան վայրեր ու զրուցելու Բայազետի հայերի մասին։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

«Մենք ապրում ենք գրեթե սահմանին, և հաճախ հայրս պատմել է հայերի մասին։ Ես հայ եմ միայն մոր կողմից, բայց հայրս, որը քուրդ է, երբեք չի թաքցրել իր առանձնահատուկ համակրանքը հայերի նկատմամբ։ Հենց նա է ինձ պատմել հայերի հետ տեղի ունեցածի մասին։ Հայրս ասում էր, որ Հայաստանն աշխարհի լավագույն վայրերից մեկն է, հայերն ամենալավ ժողովուրդներից են, և ես պետք է հպարտ լինեմ, որ հայ եմ։ Երբ մանուկ հասակում խաղում էի երեխաների հետ, բոլորն ինձ ասում էին՝ հայի զավակ։ Էլի հայեր կային, որոնք ամաչում էին այդ բնորոշումից, մինչդեռ ես հպարտորեն ասում էի, որ հայ լինելը պատիվ է ինձ համար։ Ծնողներս էին ինձ այդպես ոգեշնչել։ Ես այսօր էլ հպարտությամբ եմ կրում հայ լինելու տիտղոսը»,–պատմում է Ֆերդին։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Բայազետցի հայ երիտասարդի հետ մեկնում ենք Արարատ լեռ։ Քաղաքը առասպելական լեռան գրեթե փեշին է։ Արարատի լանջին Ֆերդին առանձնակի ոգևորությամբ պատմում է, որ մանկության տարիներին մայրը հաճախ է իրեն ու տեղացի ուրիշ հայ երեխաների բերել այստեղ ու պատմել Նոյյան տապանի, Քրիստոսի, հայկական թագավորության մասին։ Ինքը հաճախ է Արարատի վրա երազել ուժեղ Հայաստանի մասին, որտեղ ինքը հերոսներից մեկն է։ Մանկության երազանքները հասուն տարիքում դարձել են հայերի հետ շփվելու և ազգային ավանդույթների մասին ավելին իմանալու ձգտումներ։

Որպես քուրդ ապրած հայն ու նրա սասունցի ազգականները. հանդիպում 100 տարի անց

«Բայազետում շատ հայեր չկան, բայց եղածները լավ գիտեն, որ մի Բայազետ էլ Հայաստանում կա։ Մենք լսել ենք, որ Սևանա լճի ափին ապրում են մեր բարեկամները։ Գավառ քաղաքի բնակիչները 200 տարի առաջ հեռացել են հենց Բայազետից։ Ես ուզում եմ ծանոթ լինել հայկական ամբողջ պատմությանը»,–ասում է Ֆրեդին։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Նրա հետ մեկնում ենք նաև Վանի Աղթամար կղզի։ Սուրբ Խաչ եկեղեցու մոտ նկատում եմ, որ նա մոտենում է տապալված խաչքարին ու փորձում խաչակնքել։ Լինելով մահմեդական՝ ավելի ուշ խնդրում է իրեն սովորեցնել Տերունական աղոթքը։

«Հայ լինելը պատիվ է ինձ համար». մահմեդական Ֆերդին ուզում է Տերունական աղոթքը սովորել

Ասում է՝ մահմեդական լինելը դեռ չի նշանակում գեներից հանել քրիստոնեական արժեքները։ Ֆերդին երազում է Բայազետում բացել հայերենի խմբակներ, որտեղ հայ երեխաները կկարողանան սովորել իրենց մայրենի լեզուն։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին