ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Անկախության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների և ազատամարտիկների: Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել ՀՀ ԶՈւ զորամասերի հրամանատարներ՝ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը, Արիության մեդալով՝ զորամասին հրամանատար, փոխգնդապետ Բաբկեն Ղարիբյանը, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝ զորամասի հրամանատար, գնդապետ Աշոտ Սարգսյանը: Զորամասի հրամանատար փոխգնդապետ Արամ Ղազարյանը Մարտական ծառայության մեդալով է պարգևատրվել՝ հետմահու:
Նախագահի հրամանագրով մի շարք զորամասերի հրամանատարների տեղակալներ ու ստորաբաժանումների ղեկավար բարձրաստիճան զինվորականներ պարգևատրվել են Երախտագիտության մեդալով, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով ու Մարտական ծառայության մեդալով:
Զորամասի, բժշկական բաժանմունքի պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Կարեն Խաչունցին նախագահ Արմեն Սարգսյանը պարգևատրել է Մխիթար Հերացու մեդալով:
Ֆրանսիան Հայաստանի կողքին է. Մակրոնը շնորհավորել է Սարգսյանին
Նախագահի հրամանագրով պարգևատրվել են նաև Արցախյան ազատամարտի մասնակից ազատամարտիկներ: Ազատամարտիկ Արա Խուդավերդյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Ազատամարտիկներ Վազգեն Բաբաջանյանը, Ալեքսան Ալեքսանյանը, Թաթուլ Սեփոյանը, Սամվել Հայրապետյանը, Արթուր Ուրումյանը, Արտավազդ Ամիրխանյանը, Գեղամ Խաչատրյանը, Սուրեն Հարությունյանն ու Ալեքսան Ավետիսյանը պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով: