Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի, որ իր օրոք գաղտնալսումներ են եղել. Քյարամյան

Արգիշտի Քյարամյանը, սակայն, չի բացառում, որ իրեն նույնպես կարող են գաղտնալսել, քանի որ որևէ մեկը երաշխավորված չէ այդ գործընթացից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջին հերթին պետք է մտածի այն հարցի շուրջ, որ իր պաշտոնավարման ժամանակ գաղտնալսվել են ԱԱԾ և ՀՔԾ պետերի, վարչապետի հեռախոսազրույցները։ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը՝ արձագանքելով Վանեցյանի այն դիտարկմանը, թե Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն ազգային անվտանգության իրական սպառնալիք է։

Ինձ մեկուսացնելու խնդիր էր դրվել. Վանեցյանը վստահ է՝ իր երեխաներին գաղտնալսում են

«Ես Վանեցյանի հայտարարությունները չեմ մեկնաբանում»,–ասաց Քյարմյանը։

Հարցին, թե որքանո՞վ Վանեցյանը կապ ունի այդ ձայնագրությունների հետ, Քյարամյանը պատասխանեց, թե քննություն է ընթանում Քննչական կոմիտեի համապատասխան բաժնում, կան նախաքննական գաղտնիքներ, որոնք հրապարակել չի կարող:

Մեկ այլ հարցի` հնարավո՞ր է, որ որևէ ժամանակահատվածում իր հեռախոսազրույցները նույնպես գաղտնալսվեն, Քյարամյանը չբառացեց։ Նրա խոսքով` որևէ մեկը երաշխավորված չէ այդ գործընթացից, քանի որ այսօր տեխնիկական հնարավորությունները բավականին զարգացած են։

«Կան մարդիկ ու կազմակերպություններ, որոնք ունեն այդ ֆինանսական հնարավորությունները և կարող են իրականացնել այդ գործընթացը»,-նշեց նա։

«Դոսյեի» հրապարակման հիման վրա ԱԱԾ-ն հետազոտություն է իրականացնում. Քյարամյան

Հիշեցնենք, որ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց Ազգային անվտանգության ծառայության այն ժամանակվա ղեկավար Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Արսեն Թորոսյանն Ազգային անվտանգության ծառայություն չի հրավիրվել. Քյարամյան

Նրանք քննարկում էին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունը: 2018 թվականի դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց նաև Վանեցյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը:

Կառավարության ղեկավարն այդ արտահոսքերը որակել էր որպես հակահեղափոխական փորձ: