Շնորհավորանքներ Ռուսաստանից․ Պուտինն ու Միշուստինն ուղերձ են հղել ՀՀ ղեկավարությանը

ՌԴ նախագահն ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր ուղղություններով համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի - Sputnik. Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագրեր է հղել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ։

Անկախության օրը Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ լրացուցիչ էլեկտրագնացքներ կաշխատեն

Շնորհավորական հեռագրերում ՌԴ ղեկավարը նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հիմնված են բարեկամության, փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա, և դաշնակցային կապերի, բազմակողմանի համագործակցության  հետագա զարգացումն համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների երկարաժամկետ շահերին և նպաստում Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը:

«Մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը, տարբեր ուղղություններով երկկողմանի համագործակցությունը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների շրջանակում փոխգործակցությունը հետագայում ևս ակտիվ զարգանալու են»,– ընդգծել է ՌԴ նախագահը։

Հայաստանի երրորդ Հանրապետության հռչակման օրվա առթիվ շորհավորական ուղերձ է հղել նաև ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը:

Մեկտեղելու ենք ջանքերը խաղաղություն ապահովելու համար. վարչապետն ընդունել է ԱՀ նախագահին

 

«Կցանկանայի հատկապես նշել ռուս-հայկական հարաբերությունների բարեկամական, գործընկերային և դաշնակցային բնույթը: Համոզված եմ` առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության հետագա ամրապնդումը, էներգետիկ, արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքներում համատեղ նախագծերի իրականացումը, ԵՏՄ–ում ինտեգրացիոն համագործակցության խորացումը համապատասխանում են Ռուսաստանի և Հայաստանի շահերին»,–նշել է նա։

Հիշեցնենք` 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նորընտիր Գերագույն խորհուրդն իր առաջին նստաշրջանում ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը: Մեկ օր անց` օգոստոսի 24-ին, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն:

Մեկ տարի անց` 1991թ-ի սեպտեմբերի 21-ին, անցկացված անկախության հանրաքվեի արդյունքում ընտրողների 99.5%-ն «այո» ասաց «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին։ Սեպտեմբերի 23-ին Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: