Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով

Sputnik Արմենիայի մոտ հայտնված քրեական գործի նախաքննության նյութերում 2019թ–ի հունվարի 29-ին կազմված արձանագրության մեջ գրված է, որ «նշված հանցագործությունը կազմակերպել է Նվեր Գագիկի Ծառուկյանը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի — Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որդի Նվեր Ծառուկյանը  2019 թվականի հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանի բակում տեղի ունեցած սպանության գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։

Գագիկ Ծառուկյանի որդին վարակվել է կորոնավիրուսով

Ստացված պատասխանում ասված է. «Նախաքննության ընթացքում Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է որպես վկա, սակայն թե քանի անգամ և երբ, նախաքննության գաղտնիությունից ելնելով` ներկա փուլում նման տեղեկություն հնարավոր չէ տրամադրել»։

Փոխարենը Նվեր Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնեց, որ հարցաքննությունը տեղի է ունեցել հունիսին` իր պաշտպանյալի առողջանալուց հետո։

«Այո՛, հարցաքննվել է։ Հենց երկրորդ թեստից հետո արդեն, երբ որ թեստի պատասխանը բացասական եղավ, մեր նախաձեռնությամբ ներկայացել ենք վարույթ իրականացնող մարմին, պատասխանել ենք հետաքրքրող հարցերին»,– մեր հարցին ի պատասխան ասաց Էմին Խաչատրյանը։

«Մենք իրենց կսովորեցնենք խոսելու ձևը». Փաշինյանը ներկայացրեց Ծառուկյանների քրգործերը

Նա նաև հայտնեց, որ իր պաշտպանյալը ցայսօր շարունակում է մնալ վկայի կարգավիճակում, և սա այդ կարգավիճակում նրա երկրորդ հարցաքննությունն է։ Առաջինը տեղի է ունեցել 2019թ–ին, դեպքից հետո։

Հետաքրքրական է, որ Sputnik Արմենիայի մոտ հայտնված քրեական գործի նախաքննության նյութերում 2019թ–ի հունվարի 29-ին կազմված արձանագրության մեջ գրված է, որ «նշված հանցագործությունը կազմակերպել է Նվեր Գագիկի Ծառուկյանը»։

Գագիկ Ծառուկյանի որդին հարցաքննվել է «Պարտեզի» սպանության գործով

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ դեպքին անմիջապես նախորդող ժամանակահատվածում Ն Ծառուկյանի հետ նույն վայրում են գտնվել Սևակ Արմիկի Սեդրակյանը, «Թաթ» մականունով Արթուր Համլետի Վարդանյանը և Արթուր Մովսիսյանը, որից հետո վերջիններս գտնվել են դեպքի վայրում»,– ասված է նախաքննության նյութերում։

Փորձում են կոծկե՞լ. «Պարտեզում» սպանված Ջիվանի հարազատները պահանջում են գտնել կազմակերպչին

Հատկանշական է, որ այս արձանագրությունը կազմելու հենց հաջորդ օրը` 2019թ–ի հունվարի 30-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով արձանագրությունը ստորագրած Աբովյանի ոստիկանության բաժնի պետ Հովհաննես Մարտիրոսյանն ու ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել էին զբաղեցրած պաշտոններից։