ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Քիչ առաջ խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սարալանջի խճուղուց դեպի Մատենադարանի շենքի հետնամասն ընկած հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը, կրակը բավական մոտ է Մատենադարանի շենքի գիտական մասնաշենքին։
ԱԻՆ փրկարար ծառայությունից Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան հայտնեցին, որ 911 ծառայությունը հրդեհի մասին ահազանգ է ստացել։ Հրշեջ–փրկարարական խմբերն արդեն դեպքի վայրում աշխատում են։
Ավելի ուշ ԱԻՆ մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ 21։15-ին ստացած ահազանգից հետո դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինը։
Դեպքի վայրում է գտնվում ԱԻՆ Փրկակար Ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․Գաբրիելյանը։