Ուռուցքաբանակում հիվանդին ջուր չեն տվել, սպասարկող բժիշկ չի եղել. ազատում և նկատողություն

Մի քաղաքացի դիմել է Արսեն Թորոսյանին և պատմել ուռուցքաբանակում տեղի ունեցող տհաճ իրավիճակի մասին։ Կենտրոնը պարզաբանում է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում հիվանդների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին ֆեյսբուքյան մի օգտատեր է ահազանգել։

Բիայնա Մահարին գրառում է կատարել` ասելով, որ բժիշկներն այնտեղ առանց դիմակի են շրջում, իսկ ջուր ուզող հիվանդին պատասխանում` «սանատորիա չես եկել»։

Ուռուցքաբանության կենտրոնը չեն մասնավորեցնի. ԱԺ–ն հավանություն տվեց նախագծին

«Չեմ կարող հասկանալ` որ տրամաբանությամբ է հնարավոր 4 ժամ սպասել բժիշկին, երբ բերում ես հիվանդին վերակենդանացման բաժին, և ինչպես կարող է մի ժամ վերակենդանացման բաժնում բուժքույր ընդհանրապես չլինի, որովհետև անալիզները վերցրել-գնացել են»,–գրել է նա։

Օգտատերն ահազանգել է նաև, որ կենտրոնում միայն հատուկ ժամերի են թույլատրում, որ կերակրեն հիվանդներին, և երբ բժիշկներին ասել են, որ այդ ժամից դուրս կերակրման կարիք ունի իրենց հիվանդը, ուղղակի չեն թույլատրել։ 

«Մենք այդ մի օրվա կորուստը երբեք հետ չենք բերի, բայց խնդրում եմ` թող էլ ոչ ոքի վերջին օրերից մեկն այդպիսինը չլինի»,–գրել է Բիայնան ու դիմել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որպեսզի տեղում իրավիճակը փոխվի։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը պարզաբանում է տարածել` ասելով, որ Բիայնան միջադեպից հետո իր բողոքն է ներկայացրել նաև կենտրոնի փոխտնօրեն Արթուր Ավետիսյանին, ինչից հետո կենտրոնում ձեռնարկվել են օրենքով սահմանված բոլոր քայլերը։

Ուռուցքաբանականում կատարվել է հերթական բարդ վիրահատությունը

Մասնավորապես, վերակենդանացման բաժանմունքի չորս աշխատակիցներից պահանջվել է գրավոր բացատրագիր, և չնայած նրանք հերքել են օգտատիրոջ պնդումները, ստացել են գրավոր նկատողություն բողոքող կողմի կարծիքի հիմքով։

«Աշխատակիցներից մեկն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, ինչպես նաև աշխատանքի է ընդունվել նոր ավագ ռեանիմոտոլոգ, որը պետք է ավելի արդյունավետ վերահսկի կարգապահությունը բաժանմունքում»,–նշված է կենտրոնի տարածած պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ նախորդ տարի` սեպտեմբերի 2-ին հայտնի դարձավ, որ Արսեն Թորոսյանի որոշմամբ` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, տնօրենի ԺՊ էր նշանակվել Նարեկ Մանուկյանը։