Ռուբինա Խանզադյանը մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին. տեսանյութ

Ռուբինա Խանզադյանը հայկական ծագումով առաջին մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրությանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Ամերիկացի թոփ-մոդել, հայտնի հայ գրող Սերո Խանզադյանի եղբոր թոռնուհին՝ Ռուբինա Խանզադյանը, մասնակցել է Նյու Յորքի նորաձևության շաբաթին և տպավորիչ ձևով անցել պոդիումով։ Ցուցադրության մի հատվածի կարճ տեսանյութը Ռուբինան տեղադրել է Instagram-ի իր էջում։

«Իմ սիրելի հատվածներից մեկը»,–տեսանյութին կից գրել է նա։

Ռուբինայի հագին եղել է տաբատ, վերնաշապիկ և գորշ-կանաչ վերարկու։ Հայ գեղեցկուհու հետևորդները նկատել են աղջկա կախարդող հայացքը։ Նրանք մոդելին սեր են խոստովանել։

Նյու Յորքում կայացել է գարուն-ամառ 2021 նորաձևության շաբաթը։ Covid-19-ի համավարակի պատճառով այս տարի այն անցել է մի փոքր փոփոխված ձևաչափով, բայց այնուամենայնիվ եղել են թե՛ հյուրեր, թե՛ հանդիսատես, թե՛ օֆլայն-դեֆիլե։

Գեղեցիկ է և՛ ներքնազգեստով, և՛ տարազով. օգտատերերը սիրահարվել են Ռուբինա Խանզադյանին

Ամիսներ առաջ 23-ամյա Ռուբինան հայտնվել էր նորաձևության ոլորտի ամենահեղինակավոր ամսագրերից մեկի` Harpers Bazaar–ի կատարյան տարբերակի շապիկին։ Ֆոտոշարքի հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեգ Սուելսն էր, որը նկարահանել է Քիմ Քարդաշյանի Skims և KKW Beauty ապրանքանիշների գովազդային վերջին արշավները։

Ռուբինա Խանզադյանն առաջին հայ մոդելն է, որը մասնակցել է Victoria's Secret կանանց ներքնազգեստի ապրանքանիշի ցուցադրություններին։

Նա ընտանիքի հետ Բարսելոնա է տեղափոխվել, երբ 2 տարեկան է եղել։ Հիմա ապրում է ԱՄՆ–ում։ 2017 թվականին մոդելը հիմնել է Rubina Dyan սեփական ապրանքանիշը և իր բիզնեսն ակտիվ զարգացնում է և՛ Իսպանիայում, և՛ ԱՄՆ–ում։